Հայաստանում երկու նոր գործընկերային «Ռուսական տուն» կբացվի՝ Արտաշատում և Աշտարակում, հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոն»։
Գործակալության ղեկավար Իգոր Չայկան սեպտեմբերի 8-ին ստորագրել է 11 նոր կենտրոն բացելու համաձայնագրեր։ Մինչ այժմ գործընկերային ցանցը ներառում էր 22 երկրում գործող 25 «Ռուսական տուն»։ Նոր կենտրոններ կբացվեն նաև Աֆրիկայի ութ երկրում և Թաիլանդում։
«Մեր հարաբերություններն ընտանիքի պես են։ Ընտանիքում տարբեր իրավիճակներ են լինում, բայց ընտանիքը մնում է ընտանիք»,- նշել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը։
Կենտրոնները զբաղվելու են ռուսաց լեզվի, ռուսական կրթության, գիտության և մշակույթի տարածմամբ, ինչպես նաև երիտասարդական, պատմական ու մարդասիրական ծրագրերով։ Գործակալությունը նախատեսում է խստացնել կենտրոնների աշխատանքի վերահսկողությունը և ներդնել դրանց արդյունավետության գնահատման համակարգ։
2027 թվականից կգործարկվի նաև միկրոդրամաշնորհների ծրագիր։ Կրթական, մշակութային, գիտատեխնոլոգիական, երիտասարդական և պատմական նախագծերի ֆինանսավորման համար կկարողանան դիմել անհատներ, նախաձեռնող խմբեր և հասարակական կազմակերպություններ։
2025 թվականի ապրիլին Տաշիրում բացվել էր Հայաստանում գործող 12-րդ Ռուսական կենտրոնը։ Այն նախատեսված է ռուսաց լեզվի ուսումնասիրման, ռուսական գրականությանը, պատմությանն ու արվեստին ծանոթանալու, ինչպես նաև կրթական ու ստեղծագործական ծրագրերի իրականացման համար։
