Ավանեսյանն ու Չարաևան մեկ կորտում․ թենիսի վարպետաց դաս՝ Ծաղկաձորում – armeniatoday.am

Հայաստանը միջազգային մրցաշարերում ներկայացնող թենիսիստուհիներ Էլինա Ավանեսյանն ու Ալինա Չարաևան սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում վարպետաց դաս են անցկացրել պատանի մարզիկների համար, հայտնել է «Կերոն» զարգացման հիմնադրամը։

«Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախաձեռնած միջոցառմանը մասնակցել է շուրջ 200 երեխա և պատանի՝ Երևանից ու մարզերից։ Նրանք հնարավորություն են ունեցել խաղալ Ավանեսյանի և Չարաևայի հետ, մասնակցել մրցույթների և հարցեր ուղղել թենիսիստուհիներին։

«Ինձ համար մեծ ուրախություն է վերադառնալ Հայաստան և կիսվել իմ փորձով։ Հուսով եմ՝ այս հանդիպումները կօգնեն երեխաներին ավելի մոտիվացված լինել և հասնել իրենց մեծ նպատակներին»,- ասել է Ավանեսյանը։

Չարաևան, որն այս տարվա հուլիսին ստացել է Հայաստանի քաղաքացիություն և սկսել միջազգային մրցաշարերում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, նշել է, որ իր համար մեծ պատիվ է միջազգային կորտ դուրս գալ Հայաստանի դրոշի ներքո։

Նույն օրը Ծաղկաձորում կայացել է նաև Ավանեսյանի և Չարաևայի ցուցադրական հանդիպումը։

Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել 2024 թվականին։ 2026-ին նա առաջին անգամ միացել է Հայաստանի կանանց հավաքականին և մասնակցել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը։ Հայաստանի հավաքականը 16 տարվա ընդմիջումից հետո նվաճել է մրցաշարի 2-րդ խմբի ուղեգիր։

Leave a Comment