
Հարավային Կովկասում ձևավորվել է քաղաքական նոր լանդշաֆտ, որը բնութագրվում է խաղաղության և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացով։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այս մասին՝ «Անվտանգություն և համագործակցություն Հարավային Կովկասում» միջազգային համաժողովում, հայտարարել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
«Այսօր մենք ավելի ու ավելի հաճախ ենք խոսում խաղաղության մասին և շարժվում ենք դրա իրավական ամրագրման ուղղությամբ»,- նշել է Շաֆիևը։
Նա ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից և հարաբերությունների կարգավորումից բացի, կարևոր ուղղություններ են մնում սահմանների սահմանազատման գործընթացը, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը:
«Խաղաղությունը պետք է պահպանվի գործընկերության և երկխոսության միջոցով»,- նշել է Շաֆիևը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցության ապահովման գործում կարևոր դեր ունեն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները։