Քանի դեռ Քոչարյանը Նիկոլի հետ հերթական անգամ լեզու չի գտել ու նստած է, Բագրատը ձեզ պարբերաբար ծնգլահան է անելու իր գանգատներով, թե ինչու Սերժ Սարգսյանին չեն բռնում



Խաբարբզիկ Բագրատը
O tempora, o mores, կասեին հռոմեացիները, կամ եթե թարգմանենք՝ օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր։ Կլասսիկ խոսք է, վերաբերում է նրան, որ նոր ժամանակները բերում են նոր արժեքային մարտահրավերներ ու ճգնաժամներ ու արդյունքում՝ մարդիկ փոխվում են։ Հիրավի այդպես է։ Երբեմն մարդիկ դեպի լավն են փոխում, երբեմն մարդիկ «մեծանում են», բայց ավաղ, լինում է նաև այնպես, որ մարդիկ դեպի վատն են փոխվում, երբեմն էլ՝ «մանրանում են»։
Oրինակ՝ վերցնենք Քոչարյանի գրասենյակի վերջին, ես անգամ կասեի՝ ծայրագույն ղեկավար Բագրատ Միկոյանին։ Մի տեսեք թե ինչ հնչեղ ու հետխորհրդային ամբողջ տարածքում «բրենդային» համարվող ազգանուն ունի։ Հիրավի, սրանից 100 տարի առաջ մի Միկոյանը ազգերի ճակատագրերի որոշումների վրա էր ազդում, Երևանն էր կանաչ քաղաք սարքում, աշխարհի մեծերի հետ՝ որպես հավասար էր խոսում, մյուս Միկոյանը ինքնաթիռներ էր նախագծում, որոնք ռազմաճակատում իրավիճակ էին փոխում, այսօր էլ մի հսկայական գերտերության ամենաառաջադեմ կործանիչներ արտադրող բրենդերից մեկն է։
100 տարի հետոյվա Միկոյանը վտիտ է։ Միակ բանը, որ առանձնացնում է նրան իր գաղջ միջավայրից՝ հիվանդագին մտասևեռումն է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հանդեպ։ Միկոյանը եթե վերելակում գազեր արձակի, հարցնեն ինչու ես արել, անգամ այդ իրավիճակում մի հիմարագույն անցում կմոգոնի, թե ինչու է Սերժ Սարգսյանը վատը և ովքեր են բերել Նիկոլին։ Սկզբում դա սուր էր հնչում, հետո՝ հոգնեցնող, հետո քամահրանքի արժանի, իսկ հիմա արդեն կասկածներ են առաջանում, որ գուցե կլինիկական միջամտության կարիք կա, բայց էս մարդուն չեն ասում, որ վատ չզգա։
Իրոք, պետք է կլինիկական ու հատկապես՝ կլինիկական հոգեբանության ակադեմիական ուսումնասիրությունների տեսանկյունից մեծ հետաքրքրություն առաջացնի Միկոյանի հանճարեղ պռեսս-ռելիզը, երբ հերթական անգամ մեղադրանք առաջադրվեց Ռ․ Քոչարյանին։ Ռելիզում, ինչպես բոլորդ գիտեք, շատ ավելի շատ մաս ու բովանդակություն էր հատկացված ոչ թե նրան, թե ինչու է Քոչարյանն անմեղ, կամ քաղհալածյալ, այլ նրան, թե ինչու չեն քրեական ու քաղաքական հետապնդման ենթարկում Սերժ Սարգսյանին ու իր հետ ասսոցացվող այլ մարդկանց։ Լինում են այդպիսի զզվելի խաբարբզիկ երեխաներ, որոնց չարության ժամանակ բռնում են ու սկսում են նախատել, իսկ սրանք բռնում ու սկսում են խաբար տալ բոլոր իրենց ընկերների, քույրերի ու եղբայրների վրա՝ հաճախ ճոխացնելով, երբեմն էլ՝ իրենց արած չարությունները վերագրելով նրանց։
Այ Բագրատ Միկոյանը դարձել է մեր քաղաքական դաշտի էդ խաբարբզիկ երեխան։ Թարսի պես էլ Քոչարյանին բռնել են ու քանի որ էդ ճամբարում կամքի, շնորհքի ու կրեատիվի պակաս է, էս առնչությամբ իրենց հիմանական գործառույթը դարձել է շաբաթը մի 5 անգամ ասուլիսներ գումարելը, որոնցում խաբարբզիկ Բագրատը մշտական բեք ոկալն է։ Այնպես որ գոտեպնդվեք, քանի դեռ Քոչարյանը Նիկոլի հետ հերթական անգամ լեզու չի գտել ու նստած է, Բագրատը ձեզ պարբերաբար ծնգլահան է անելու իր գանգատներով, թե ինչու Սերժ Սարգսյանին չեն բռնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment