Ավելի շատ կիրառում են «հայ ժողովուրդ» ասվածը, քան «պետություն» եզրույթը. Քամալյան

Ավելի շատ կիրառում են «հայ ժողովուրդ» ասվածը, քան «պետություն» եզրույթը. Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուսական քաղաքական ինքնությամբ հայերի համար Հայաստանի ինքնուրույն շահեր գոյություն չունեն։ Նրանց համար Հայաստանի շահերը նույնական են ռուսականի հետ։ Նրանք համարում են, որ կա Ռուսաստան՝ ուրեմն կա Հայաստան, չկա Ռուսաստան՝ չկա Հայաստան։

Նրանց համար Հայաստանը ռուսական քաղաքական ազդեցության անբաժանելի մասն է, և Հայաստանը կարող է ունենալ այնքան ինքնուրույնություն, որքան թույլ կտա Ռուսաստանը։ Հայկական քաղաքական միտքը պետք է կառուցված լինի ռուսական նարատիվների վրա, հայը պետք է բոլորին նայի Ռուսաստանի աչքերով։

Հիմա հենց սրա համար է ընթանում պայքարը։ Ռուսամետներն ասում են․ «Եթե վերոնշյալ պատկերացումներից դուրս ես գտնվում, ուրեմն դու արկածախնդիր ես, հայրենադավ ես, որովհետև պայքարում ես Հայաստանի գոյության դեմ, քանի որ հայ ժողովուրդը ռուսական քաղաքական շահերի անբաժանելի մասն է»։

Իսկ ի՞նչ է այսօրվա Հայաստանը ռուսական ինքնությամբ հայերի համար․ ընդամենը դեկորատիվ պետություն։ Դրա համար նրանց համար ոչ թե կարևոր է «պետական շահեր» ասվածը, այլ հայ ժողովրդի շահերը, իսկ «հայ ժողովրդի շահեր» ասվածը կարող է նաև այլ համատեքստում տեղավորվել։

Ռուսական իշխանությունը ևս, Հայաստանի մասին խոսելիս, ավելի շատ կիրառում է «հայ ժողովուրդ» ասվածը, քան «պետություն» եզրույթը։

Ասում են՝ Հայաստանից ավելի շատ հայեր են ապրում Ռուսաստանում, և դա հենց այնպես չեն ասում։ Նրանք ասում են․ «Դուք մեր քաղաքական լանդշաֆտի մասն եք և չեք կարող մեզանից անկախ պետական շահեր ունենալ»։ Այսինքն՝ մեր ներսում ապրող հայերը և Հայաստանում ապրող հայերը պետք է ունենան նույն քաղաքական ընկալումն ու ստատուսը։

Այդ համատեքստում դուք կարող եք խոսել ձեր պատմությունից, Ցեղասպանության հետևանքներից, պահանջատիրությունից, բայց ձեր քաղաքական ինքնությունը դրանից ավելի ձգտումներ չպետք է ունենա։

Հիմա հասկանալի է, թե ինչ են ուզում ռուսական քաղաքական ինքնությամբ հայերը, ինչի համար են ատամները կրճտացնելով պայքարում Հայաստանի ժողովրդավարական իրողությունների դեմ և ինչի համար են ձգտում, որ Հայաստանում իշխանության լինեն ռուսական քաղաքական ինքնությամբ հայերը։

Թե բա՝ «Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից»։

Դուք ոչ թե հրաժարվում եք այն պատճառով, որ դեմ եք միայն Փաշինյանին, այլ որովհետև մեծապես դեմ եք նաև այն բանին, որ Հայաստանը կարող է չլինել դեկորատիվ պետություն և կարող է ունենալ առանձին քաղաքական ու պետական ինքնություն և դրանից բխող շահեր»։

Leave a Comment