Պետք է արմատախիլ անել այդ պորտաբույծների համակարգը․ Տիգրան Ավինյան

Պետք է արմատախիլ անել այդ պորտաբույծների համակարգը․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մարդիկ շատ լավ հասկանում են՝ իրենց համատիրություններն ինչ գործառույթներ ունեն, ու փաստացի տեսնում են, որ այդ գործառույթները չեն իրականացվում։

«Ես ամբողջ քարոզարշավի ժամանակ ասել եմ՝ դուք եք ընտրում այդ մարդկանց, ինձ ասել են, որ մենք այդ մարդկանց չենք ընտրել։ Բոլոր այս դեպքերի համար պետք է նոր, նորմալ ընտրություններ կազմակերպել»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելել, որ պետք է արմատախիլ անել այդ պորտաբույծների համակարգը։

«Նստած՝ մենակ աշխատավարձ ստանան։ Ճիշտ է, վստահ եմ, որ հավաքագրման տեսանկյունից էլ բազմաթիվ խնդիրներ կան, և նախկին իշխանությունները պորտաբույծներին օգտագործում էին ընտրությունների համար»,- շեշտել է քաղաքապետը և հավելել, որ նույն պորտաբույծների բավականին մեծ տոկոսը զբաղվում է պորտաբուծությամբ, և պետք է պորտը կտրել։

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրենք համատիրության փաստացի գործառույթը վերցրել են քաղաքի ուսերին, ամբողջ քաղաքով կապիտալ ներդրումներ են իրականացնում․ «Այս տարվա վերջին 3060–3070 վերելակ կունենանք փոխարինված ամբողջ քաղաքում, ու կմնա մի 1300 վերելակ։ Այդ հսկայական ծավալի աշխատանքը մենք արել ենք, սպասարկո՞ւմն էլ մենք անենք»,- հավելել է քաղաքապետը։

Leave a Comment