ՌԴ-ում «չափազանց վստահող» են անվանել ՀՀ իշխանությանը՝ ԵՄ խոստումների հարցում

ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը սպասելի է համարել, որ Եվրահանձնաժողովը դեռ չի կարող նշել Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման ավարտի հնարավոր ժամկետները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եվրամիության գործելաոճը շատ լավ հայտնի է՝ անդամակցության հավակնորդներից հասնել առավելագույն հավատարմության և զիջումների՝ դրա դիմաց առաջարկելով ոչնչի չպարտավորեցնող հավաստիացումներ «փայլուն հեռանկարների» մասին»,- հայտարարել է Կոսաչովը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում անսպասելի է միայն Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ նման հավաստիացումների նկատմամբ «ոչնչով չհիմնավորված վստահությունը»։

Կոսաչովը նաև «անսկզբունք հաշվարկ» է անվանել հնարավոր այն մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունները փորձում են օգտվել Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի և մյուս ուժային կենտրոնների մրցակցությունից։ Նրա գնահատմամբ՝ այդ հաշվարկը չի արդարանա։

Սեպտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովից վաղ էին համարել մինչև 2029 թվականը ՀՀ-ի հետ առանց վիզայի ռեժիմի մասին խոսելը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում հայտարարել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման հարցը կլուծվի ամենաուշը 2 տարուց, իսկ հուլիսին նշել 2029-ին վիզաների ազատականացման սպասելիքի մասին։ 

Դիտեք նաև՝ 

«Հերթերը շատ են», «մոտ ապագայում ազատականացում չի լինի»․ հարցում՝ շենգեն վիզաների տրամադրման մասին

Leave a Comment