Գերմանիայի Օսնաբրյուք քաղաքում Volkswagen-ի գործարանը նախատեսվում է վերապրոֆիլավորել պաշտպանական արտադրանքի թողարկման համար, իսկ հարթակի առաջին նախագիծը կլինի իսրայելական Rafael Advanced Defense Systems-ի հետ համագործակցությամբ ՀՕՊ համակարգերի և դրանց բաղադրիչների արտադրությունը, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Volkswagen-ը, Aurelius Capital-ը և Ստորին Սաքսոնիայի իշխանությունները համաձայնության են եկել գործարանի հնարավոր վաճառքի հիմնական պայմանների և այն անվտանգության ու պաշտպանական արտադրանքի կենտրոնի աստիճանաբար վերածելու շուրջ։
Ծրագրի համաձայն՝ ձեռնարկության մեծամասնական սեփականատերը կդառնա Aurelius Capital-ը, իսկ Ստորին Սաքսոնիա դաշնային երկրամասը բաժնեմաս կստանա։ Գործարանում նախատեսվում է ՀՕՊ համակարգեր և դրանց բաղադրիչներ արտադրել Գերմանիայի և եվրոպական այլ երկրների համար։
Ավտոմեքենաների արտադրությունը գործարանում նախատեսվում է դադարեցնել 2027 թվականի ամռանը։ Volkswagen-ի տվյալներով՝ նոր ծրագիրը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերի մեծ մասը։ Reuters-ի տվյալներով՝ խոսքը շուրջ 1,4 հազար աշխատատեղի մասին է՝ ներկայիս 1,8 հազարից։
Գործարքը դեռ չի ավարտվել։ Դրա իրականացումը պահանջում է վերջնական համաձայնագրերի կնքում, ընկերությունների համապատասխան մարմինների որոշումներ և կարգավորող մարմինների անհրաժեշտ հաստատումներ։
Volkswagen-ի Օսնաբրյուքի գործարանի վերապրոֆիլավորումը տեղի է ունենում եվրոպական ավտոարդյունաբերության դժվարությունների և Եվրոպայում պաշտպանական ծախսերի աճի ֆոնին։ Ավտոկոնցեռն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Գերմանիայում իր մինչև չորս գործարան կարող է փակման կամ վերապրոֆիլավորման վտանգի առաջ կանգնել՝ թույլ պահանջարկի, բարձր ծախսերի և չինական արտադրողների հետ աճող մրցակցության պատճառով։
