Վստահ եմ քչերդ եք հետևում Էդմոն Մարուքյանի վերջին ելույթներին, առավել ևս քոչարյանական տելեգռամ ալիքների հրապարակումներին, բայց, եթե հանկարծ հանդիպեք, լսելիս տպավորություն կստեղծվի, որ Հայաստանի նախկին հատուկ հանձնարարություններով դեսպանը պարզապես փոխել է իր արտաքին քաղաքական գերատեսչությունը և արդեն աշխատում է Վիկտոր Սողոմանյանի մոտ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան։ Այսօր, Մարուքյանի քաղաքական խոսքում գնալով ավելի հեշտ է ճանաչել այն տրամաբանությունը, որը բնորոշ է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ճամբարի խոսույթին․ Արցախի կորստի պատասխանատվության կենտրոնում կրկին ու կրկին հայտնվում են Սերժ Սարգսյանը և նրան մոտ կանգնած ուժերը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության պատասխանատվությունը տարօրինակորեն մղվում է երկրորդ պլան։ Հատկապես ուշագրավ է Մարուքյանի պնդումը 2023 թվականի սեպտեմբերին Արցախում նախագահի ընտրության մասին։ Նրա ներկայացրած տրամաբանությամբ՝ այդ ընտրությունը Ադրբեջանին դրդել կամ առիթ է տվել ռազմական գործողության, իսկ այդ որոշման հետևում պետք է փնտրել Սերժ Սարգսյանին մոտ շրջանակների պատասխանատվությունը։ Սակայն ժամանակագրությունը մեկ անհարմար հարց է առաջացնում։ Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանն արդեն հաստատում էր, որ Ադրբեջանը զորքեր է կուտակել թե՛ Հայաստան–Ադրբեջան սահմանին, թե՛ Լեռնային Ղարաբաղի շուրջ, և հատուկ ընդգծում էր, որ այդ գնահատականը տվել էր դեռ կառավարության նախորդ՝ սեպտեմբերի 7-ի նիստում։ Այսինքն՝ ադրբեջանական ռազմական կենտրոնացումը արձանագրված էր Արցախում սեպտեմբերի 9-ի ընտրությունից առաջ։ Այո, Ադրբեջանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես դատապարտեց Արցախի նախագահի ընտրությունը և այն անվանեց «սադրիչ» քայլ։ Բայց այստեղ կա սկզբունքային տարբերություն․ Ադրբեջանի կողմից պատերազմի համար օգտագործված հիմնավորումը դեռ պատերազմի իրական պատճառի ապացույց չէ։ Առավել ևս, որ սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունը սկսելիս Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունը որպես անմիջական պատճառներ արդեն թվարկում էր ականների պայթյունները, ռազմական դիրքերի ամրացումը և իր բնորոշմամբ՝ հայկական զինված ուժերի «սադրանքները»։ Նախագահական ընտրությունը այդ օրվա պաշտոնական հիմնավորման առանցքը նույնիսկ չէր: Ուրեմն ինչո՞ւ է այսօր Մարուքյանի պատմության մեջ այնքան մեծ տեղ զբաղեցնում հենց այն վարկածը, որը քաղաքական պատասխանատվության սլաքը կրկին տանում է Սերժ Սարգսյանի շրջապատ։ Երբ Նիկոլ Փաշինյանի նախկին հատուկ հանձնարարություններով դեսպանը Արցախի կորստի պատմությունը վերաշարադրում է այնպես, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը գրեթե անհետանում է, իսկ մեղավորների ճանապարհը հերթական անգամ տանում է դեպի Սերժ Սարգսյանի շրջապատ, ակամա հարց է առաջանում՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը գուցե իսկապես պահպանվել է, պարզապես փոխվել է հանձնարարություններ տվողը: Արցախի կորստի մասին խոսելիս ընտրովի հիշողությունը վերլուծություն չէ։ Եվ եթե պատասխանատվություն ենք փնտրում, այն պետք է փնտրել ամբողջ շղթայում՝ ոչ միայն այնտեղ, որտեղ դա հարմար է այսօրվա քաղաքական պատվերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: