Ռուսաստանի իշխանությունները կարող են խստացնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ սահմանափակելով դրամական փոխանցումներն ու տրանսպորտային հաղորդակցությունը և բարձրացնելով էներգակիրների, այդ թվում՝ գազի գինը, գրել է «Փաստ» թերթը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Մոսկվայում կարծում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակ շահել՝ բանակցելով Հայաստանի համար ռուսական շուկան բացելու շուրջ։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ Փաշինյանը ցանկանում է ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեն հետաձգել առնվազն 2-3 տարով, այդ ընթացքում մասամբ դիվերսիֆիկացնել արտահանումը, ապա փոխել Հայաստանի տնտեսական ուղղվածությունը ԵԱՏՄ-ից դեպի ԵՄ։
Պարբերականի տեղեկություններով՝ այս գնահատականների ֆոնին Ռուսաստանի իշխանությունները որոշել են առավել կոշտ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Որպես հնարավոր քայլեր նշվում են ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների արտաքսումը, դրամական փոխանցումների և տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները, ինչպես նաև էներգակիրների, մասնավորապես՝ գազի թանկացումը։
Այս տեղեկությունների պաշտոնական հաստատում չկա։
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հանդիպման ժամանակ կողմերը տարբեր դիրքորոշումներ էին հայտնել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը ԵԱՏՄ-ին անդամակցության հետ համատեղելու հնարավորության վերաբերյալ։ Պուտինը հայտարարել էր, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ և Հայաստանին կոչ էր արել «ավելի արագ կողմնորոշվել»։ Փաշինյանը պատասխանել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որևէ ծանուցում չի ներկայացրել, իսկ համապատասխան ընտրություն կատարելու «ժամանակը դեռ չի հասունացել»։
Սեպտեմբերի 3-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության հարցում որոշումը կայացնելու է Հայաստանը, իսկ Ռուսաստանը, իր հերթին, որոշելու է Հայաստանի համար գործող տնտեսական արտոնությունների հարցը։
Սեպտեմբերի 6-ին Օվերչուկը նաև հայտարարել էր, որ Հայաստանի՝ այլ շուկաներ վերակողմնորոշվելու փորձերը, իր գնահատմամբ, հաջողություն չեն ունեցել՝ ընդգծելով ռուսական շուկայի նշանակությունը հայկական ապրանքների համար։
