Աառնվազն 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, զոհվել է Հարավային Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով, հայտնում է Reuters -ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Ըստ նախարարության՝ Քֆար Ռումման քաղաքում բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա և չորս կին: Քաղաքում քաղաքացիական մեքենայի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է նաև մեկ բժիշկ, վիրավորվել՝ երկուսը:
Իսրայելցի զինվորականները պնդում են, որ թիրախավորել են Քֆար Ռումման տարածքում զենք տեղափոխող մարդկանց: Նրանք նաև պնդում են, որ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը պայթուցիկներով լի երկու անօդաչու թռչող սարք է արձակել Ալի ալ-Թահեր լեռնաշղթայի մոտ գործող իսրայելական ուժերի ուղղությամբ:
Լիբանանի անվտանգության ծառայություններում գործակալության աղբյուրները հայտնել են, որ Իսրայելն ուժեղացրել է լեռնաշղթայից հյուսիս և արևմուտք գտնվող քաղաքների վրա հարվածները: Նրանք նշել են, որ առաջիկա շաբաթներին սպասում են հարավային Լիբանանում իրավիճակի հետագա սրացում:
Սեպտեմբերի 6-ին հարավային Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ, իսկ 20-ը՝ վիրավորվել: Սեպտեմբերի 5-ի տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված լիբանանցիների թիվը հասել է 4359-ի, իսկ վիրավորներինը՝ 12 362-ի։
