Թուրքիան որևէ մեկի նկատմամբ թշնամանք չի տածում. Էրդողան

Թուրքիան որևէ մեկի նկատմամբ թշնամանք չի տածում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ չէ որևէ երկրի, հասարակության, հավատքի կամ մշակույթի, սակայն հանդես է գալիս ցանկացած անօրինականության, անարդարության, ճնշման և «ավազակության» դեմ։

«Ես ուզում եմ այս մասին հստակ և միանշանակ հայտարարել՝ մեկընդմիշտ․ ոչ ոք չպետք է մեր արժանապատիվ և զուսպ դիրքորոշումը թուլություն համարի կամ թույլ տա, որ այն կեղծ ակնկալիքներ առաջացնի։ Մենք չենք պատրաստվում նստել տրիբունաներում և հետևել մեր տարածաշրջանում մեր երկիրը շրջափակելուն ուղղված թշնամական գործողություններին»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան դեմ չէ որևէ երկրի, հասարակության, հավատքի կամ մշակույթի, և նման բան «ընդհանրապես չի կարող դիտարկվել որպես հնարավոր տարբերակ»։

«Սակայն Թուրքիան հանդես է գալիս ցանկացած անօրինականության, ցանկացած անարդարության, ճնշման ցանկացած ձևի և ցանկացած ավազակության դեմ՝ անկախ նրանից, թե ով է դրանք իրականացնում, և շարունակելու է դա անել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան որևէ մեկի նկատմամբ թշնամանք չի տածում և ցանկանում է շարունակել իր ուղին՝ որպես անկախ, կայուն ու բարգավաճ պետություն։

«Մենք երբեք թույլ չենք տա խոչընդոտել այդ ճանապարհը։ Նրանք, ում անհանգստացնում է մեր երկրի հզորացումը և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու մեր ջանքերը, չեն կարողանա ստիպել մեզ շեղվել մեր ընտրած ուղուց»,- նշել է նա։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ «ոչ ոք ի վիճակի չէ փոխելու պատմության ընթացքը»։

«Թուրքիան ձեռք կմեկնի իր բարեկամներին, կգրկի իր հարազատներին և կմիավորվի իր եղբայրների հետ»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ «Թուրքիայի հետ բարեկամություն անողները կշահեն, իսկ թշնամանք տածողները՝ կպարտվեն»։

Leave a Comment