Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում անցկացված տարածաշրջանային ընտրություններում աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԴԳ) կուսակցությունն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ է տարել երկրամասային մակարդակով՝ ստանալով ընտրողների ռեկորդային 43,8 տոկոսը։
35-ամյա Ուլրիխ Զիգմունդի գլխավորած կուսակցությունը ավելի քան կրկնապատկել է 2021 թվականի ընտրությունների արդյունքը, երբ ստացել էր 20,8 տոկոս ձայն։ Այս անգամ ԱԴԳ-ն ստացել է երկրամասային խորհրդարանի՝ Լանդթագի, 83 մանդատներից 39-ը՝ բացարձակ մեծամասնությունից ընդամենը երեք մանդատ պակաս, որն անհրաժեշտ է միանձնյա կառավարություն ձևավորելու համար։
Ընտրություններն առանձնացել են նաև ռեկորդային՝ 77,8 տոկոս մասնակցությամբ և Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ/ՀԴՄ) ծանր պարտությամբ։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կուսակցությունը, որը ավելի քան 20 տարի ղեկավարել է երկրամասը, կորցրել է իր ընտրազանգվածի մոտ կեսը և զբաղեցրել երկրորդ տեղը՝ ստանալով պատմականորեն ցածր՝ 17,2 տոկոս արդյունք և 15 մանդատ։
Խորհրդարան են անցել նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ)՝ 9,3 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս, «Ձախերը»՝ 8,6 տոկոս, ինչպես նաև Սառա Վագենկնեխտի դաշինքը (BSW)՝ 5,3 տոկոս։
Չնայած աղմկահարույց հաջողությանը և ԱԴԳ-ի առաջնորդների հայտարարություններին, թե կուսակցությունը ստացել է «կառավարման հստակ մանդատ», այն բախվում է այսպես կոչված «սանիտարական կորդոնի» (Brandmauer)՝ ավանդական քաղաքական ուժերի պաշտոնական դիրքորոշմանը՝ ԱԴԳ-ի հետ կոալիցիա չկազմելու վերաբերյալ։
Սա Սաքսոնիա-Անհալթը կանգնեցնում է բարդ քաղաքական փակուղու առջև․ առանց հաղթած կուսակցության մասնակցության կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելը բավական դժվար կլինի։ ԱԴԳ-ում արդեն հայտարարել են, որ պատրաստ են դիտարկել փոքրամասնության կառավարություն ձևավորելու կամ նոր՝ կրկնակի ընտրություններ անցկացնելու տարբերակը։