Հրադադարն ավելի ձեռնտու է Ռուսաստանին, քան Ուկրաինային․Պետրոսյան

Հրադադարն ավելի ձեռնտու է Ռուսաստանին, քան Ուկրաինային․Պետրոսյան

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները օրեր առաջ հանդիպումներ են ունեցել թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

-Ինչպե՞ս կգնահատեք բանագնացների հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։

-Ներկայումս դժվար է գնահատական տալը, թե ինչպիսի ընթացք կունենա այս պրոցեսը։ Բայց ԱՄՆ-ի նպատակը, իհարկե, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացն ակտիվացնելն է։ Դժվար է գնահատել, քանի որ, նախ, ուկրաինական պատերազմի թատերաբեմում բավականաչափ ուշագրավ զարգացումներ են ընթանում․ այս պահին մարտավարական առումով Ռուսաստանի դիրքերն էականորեն թուլացել են։ Դրան զուգահեռ տեսնում ենք, որ ռուսական կողմն իր ռազմավարական դիրքերը չի ցանկանում զիջել, իսկ ուկրաինական կողմը շատ լավ հասկանում է իր առավելությունները և ինքն էլ պատրաստ չէ այս պահին ընդունել Ռուսաստանի պահանջները։ Այո՛, նկատում ենք Միացյալ Նահանգների ակտիվացում, բայց այսպիսի ակտիվացման առնվազն անցյալ 1,5 տարվա ընթացքում մի քանի անգամ ականատես ենք եղել, երբ շատ ավելի մեծ հավանականություն կար, որ կողմերը կարող են գնալ փոխզիջման և առնվազն հրադադարի, ինչը տեղի չունեցավ։ Այս պահին Ռուսաստանին շատ ավելի ձեռնտու է հրադադար հաստատելը, քան Ուկրաինային, որովհետև, կրկնում եմ, մարտավարական առումով Ուկրաինան ունի հաջողություններ։ Բայց Ուկրաինան էլ հենց այնպես չի համաձայնի հրադադարի․ դրա համար անհրաժեշտ են լինելու երաշխիքներ, իրավական հավաստիացումներ, վիճելի տարածքների կամ գոնե շփման գծի այդ հատվածի հետ կապված հստակ որոշումներ։ Ուկրաինան ունի սեփական ծրագրերը, իսկ Ռուսաստանը, կարծում եմ, պատրաստ չէ գնալ լուրջ, բովանդակային զիջումների։

-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մանրամասներ ներկայացնելով հանդիպումից, նշել է, որ ամերիկացի բանակցողները խոստացել են Կիևում առաջիկա շփումների ընթացքում օգտագործել կարգավորման ուղիների վերաբերյալ Պուտինի ներկայացրած գնահատականները։ Ըստ Ձեզ՝ ուկրաինական կողմը կհամաձայնի՞ որևէ դրական քայլի գնալ։

-Ես արդեն ասացի, որ Ուկրաինան այս պահին մարտավարական առավելություն ունի, և չեմ կարծում, որ հեշտությամբ կզիջի իր դիրքերը ու կընդունի Ռուսաստանի պայմանները։ Այդ դեպքում, եթե Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու տարբերակ դիտարկենք, ապա դա ավելի շատ պետք է արվի 3-րդ կողմից, իսկ ճնշումը ոչ թե Ուկրաինային ինչ-որ բան պարտադրելն է լինելու, այլ կարևոր բան առաջարկելը՝ հրադադարի գնալու համար։ Կարծում եմ, սակայն, որ այս պահին որևէ 3-րդ դերակատար չի կարող Ուկրաինայի այդ ակնկալիքներն ապահովել։ Իհարկե, Միացյալ Նահանգներն ունի այդ հնարավորությունները, բայց Միացյալ Նահանգներն ինչի՞ դիմաց պետք է այդ առաջարկներն անի․ սա իրոք շատ կարևոր հարց է։ ԱՄՆ-ի շահն ո՞րն է այստեղ։ Եթե խոսքը զուտ հաջող միջնորդության մասին է, սա ընդամենը հեղինակության հետ կապված իմիջային խնդիր է, բայց Ուկրաինայի ակնկալիքները շատ ավելի չափելի են․ դրանք կարող են լինել թե՛ ռազմական, թե՛ ֆինանսատնտեսական և այլն։

-Անդրադառնալով նաև Զելենսկու հետ հանդիպմանը՝ ի՞նչ ակնկալիքներ և գնահատականներ կարող ենք ունենալ։

-Այս պահին երկուսի մասով էլ դժվար է գնահատական տալը։ Իրական գնահատականի համար հիմք կլինի, երբ մենք ականատես լինենք կարգավորման գործընթացի, որն առաժմ չկա։ Իսկ մնացածը, ինչ որ մենք տեսել ենք, ընդամենը բարձր մակարդակի դիվանագիտական, արարողակարգային միջոցառումներ են։ Նաև, իհարկե, շատ դրական դիվանագիտական տեքստեր են, փոխադարձ գովասանքի խոսքեր, ակնկալիքներ, բայց մինչև գետնի վրա չտեսնենք՝ ինչպիսի պրոցես կլինի, դժվար է գնահատել արդյունավետությունը։ Կա մի հանգամանք, որ Միացյալ Նահանգները կրկին ակտիվացրել է ջանքերը։ ԱՄՆ-ն իր խնդիրներն ունի․ Իրանի հետ շարունակվող հակամարտության համատեքստում Գազայի իրավիճակը շարունակում է լարված մնալ, Իսրայել-Լիբանան հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և կան բազմաթիվ այլ խնդիրներ։ Չեմ կարծում, որ այս պահին Միացյալ Նահանգները շատ ավելի մեծ ռեսուրսների հնարավորություններ ունի, քան անցյալ տարի։ Այսօր ընդամենը գործ ունենք ակտիվացման պրոցեսի հետ, որն այս պահին քարոզչական նպատակ ունի։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment