ԱԲ-ն կարող է «գոյաբանական սպառնալիք» դառնալ մարդկության համար․ ՄԱԿ – armeniatoday.am

Արհեստական բանականության (ԱԲ) զարգացումը կարող է «գոյաբանական սպառնալիք» ստեղծել մարդկության համար, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին։

«Ես կիսում եմ ոլորտի մասնագետների մտահոգությունը, որ առաջադեմ արհեստական բանականությունը կարող է գոյաբանական վտանգ ներկայացնել մարդկության համար»,- ասել է Թյուրքը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համընդհանուր ջանքեր գործադրել՝ ԱԲ-ի անվտանգությունն ապահովող «անխախտ երաշխիքներ» ստեղծելու համար, քանի դեռ ուշ չէ։ Գերագույն հանձնակատարը նշել է, որ առնվազն ԱԲ տեխնոլոգիաներ մշակող, հյուրընկալող և դրանց մատակարարման շղթաներում ներգրավված պետությունները պետք է համաձայնեցնեն ընդհանուր սահմանափակումները։

Թյուրքի գրասենյակից պարզաբանել են, որ հզոր ԱԲ համակարգերի աշխատանքի խափանումները կարող են ազդել կարևոր ենթակառուցվածքների, կապի ծառայությունների և ժողովրդավարական ինստիտուտների վրա։

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ԱԲ-ի զարգացման նկատմամբ գրեթե անսահմանափակ ազդեցությունը կենտրոնացած է փոքրաթիվ մարդկանց ձեռքում։ Reuters-ը հիշեցրել է, որ ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունների թվում են Meta-ն, Anthropic-ը, OpenAI-ը և Google-ը։

«ԱԲ-ի կառավարման անհրաժեշտությունը լայնորեն ընդունվում է, բայց որտե՞ղ են գործողությունները։ Ձգձգումը ձեռնտու է միայն հսկայական տեխնոլոգիական ընկերություններին, դրանց սեփականատերերին ու աջակիցներին»,- հայտարարել է Թյուրքը։

Նա նաև կոչ է արել հրատապ արգելել մահաբեր ինքնավար զենքերը, որոնք կարող են առանց մարդու մասնակցության որոշում ընդունել և կյանք խլել։ Թյուրքը նման համակարգերի կիրառման վերաբերյալ հաղորդումներն «սարսափելի» է անվանել։

2026 թվականի հուլիսի 6-7-ը Ժնևում անցկացվել էր ԱԲ կառավարման շուրջ ՄԱԿ-ի առաջին գլոբալ երկխոսությունը։ Միջոցառմանը գրանցվել էր ավելի քան 4200 մասնակից՝ ՄԱԿ-ի անդամ գրեթե 170 պետություններից, այդ թվում՝ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Leave a Comment