Վճռաբեկը որոշել է Վեհափառի և վեց եպիսկոպոսի գործը քննել Արմավիրում – armeniatoday.am

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Այս մասին Armenia Today-ին հայտնել են ՀՀ Վճռաբեկ դատարանից։

Վճռաբեկ դատարանը նման որոշում է կայացրել՝ լուծելով գործի տարածքային ընդդատության հարցը։ Ավելի վաղ Արմավիրի մարզի դատարանը գործը փոխանցել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործը Երևան փոխանցելիս Արմավիրի դատարանը դրսևորել է «բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում» և առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնել ընդդատության վերաբերյալ վեճ։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ դա հանգեցրել է անհարկի դատական շրջապտույտի և ստեղծել ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման վտանգ։

Գործի քննությունը մինչ այս չէր սկսվել ընդդատության շուրջ առաջացած վեճի պատճառով։ Այն Արմավիրի մարզի դատարանից փոխանցվել էր Երևան, որտեղ գործը մակագրվել էր արդեն երրորդ դատավորին։ Վերջինս ևս այն չէր ընդունել քննության՝ ընդդատության հարցը լուծելու համար դիմելով Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկն այժմ որոշել է, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի դատարանում

Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամի մեղադրում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ) պաշտոնավարման վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Հունվարին դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, պարտավորեցրել էր չխոչընդոտել Սարոյանի՝ որպես թեմի առաջնորդի լիազորությունների իրականացմանը։ Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամ առաջարկել էր Կաթողիկոսին Սարոյանին կարգալույծ հռչակել, իսկ Գարեգին Բ-ն համապատասխան որոշում էր կայացրել։

Դատավորը Գարեգին Բ-ի գործն ուղարկեց Երևանի քրեական դատարան

Գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել հուլիսի 27-ին։ Օգոստոսի 7-ին գործով առաջին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Դրանից հետո գործը ստացած դատավոր Սերժ Ռուշանյանը կասկածի տակ էր դրել տարածքային ընդդատությունը և այն ուղարկել Երևանի քրեական դատարան։ Երևանում գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, որը սեպտեմբերի 3-ին այն վարույթ չէր ընդունել և ուղարկել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը լուծելու համար։

Leave a Comment