ԳԴ-ն ընթացք է տվել ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգելու ենթադրյալ դեպքին

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ոստիկանության բաժնում քաղաքացուն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ հրապարակումներին, Armenia Today-ին հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Armenia Today-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել է նաև Քննչական կոմիտե։ ՔԿ-ից հայտնել են, որ տվյալ դեպքի վերաբերյալ նյութով զբաղվում է Գլխավոր դատախազությունը։

ԳԴ-ից հայտնել են, որ փաստաբանից համապատասխան հաղորդում է ստացվել։ Armenia Today-ի տեղեկություններով՝ քաղաքացին վարչական հսկողության տակ է գտնվում։

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը հայտնել էր, որ իր վստահորդը ոստիկանությունում ենթարկվել է խոշտանգման՝ արգելված նյութ ունենալու վերաբերյալ խոստովանական ցուցմունք ստանալու նպատակով։

Ըստ Սիմոնյանի՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս կանգնեցվել է պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախմբի կողմից, որից հետո, փաստաբանի խոսքով, անհասկանալի հանգամանքներում նրա նկատմամբ ուժ է կիրառվել, և նրան տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ըստ փաստաբանի՝ անձնական խուզարկության ժամանակ քաղաքացու մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանության աշխատակիցները նրան խոշտանգել են՝ ստիպելով խոստովանել, որ մոտ 0,5 գրամ արգելված նյութն իրենն է։

«Շուրջ 6 ժամ ոստիկանությունում ապօրինի պահվելուց ու խոշտանգման ենթարկվելուց հետո, քաղաքացուն ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին, որտեղ քաղաքացին, զրկված լինելով իրավական որևէ տեսակի օգնությունից, աջակցությունից, ստիպված «խոստովանել» է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից բերված թմրամիջոցն իբր իրենն է և իր անձնական օգտագործման համար է»,- պատմել է փաստաբանը։

Սեպտեմբերի 7-ին քաղաքացին դիմել է Սիմոնյանին՝ իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։ Փաստաբանը հայտնել է, որ քաղաքացու վնասվածքները կարձանագրվեն մասնավոր բժշկական կենտրոնում և արդյունքները կտրամադրվեն իրավասու մարմիններին։

Leave a Comment