ՌԴ-ն արտերկրում պատժից խուսափող անձանց նկատմամբ սահմանափակումներ կկիրառի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել արտերկրում գտնվող և պատժի կատարումից խուսափող անձանց նկատմամբ ժամանակավոր սահմանափակող միջոցներ կիրառելու համար։ Համապատասխան թիվ 652 հրամանագիրը նա ստորագրել է սեպտեմբերի 7-ին։

Հանձնաժողովը կգլխավորի ՌԴ արդարադատության նախարարը։ Դրա կազմում կընդգրկվեն Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունների, Դաշնային հարկային ծառայության, Անվտանգության դաշնային ծառայության, «Ռոսֆինմոնիթորինգ»-ի և Գլխավոր դատախազության ներկայացուցիչները։

Հանձնաժողովը ստեղծվել է օգոստոսի 4-ին Պուտինի ստորագրած՝ ժամանակավոր սահմանափակող միջոցների մասին օրենքի շրջանակում։ Օրենքը թույլ է տալիս սահմանափակումներ կիրառել արտերկրում գտնվող անձանց նկատմամբ, որոնք խուսափում են ուժի մեջ մտած քրեական պատժի կամ որոշ վարչական իրավախախտումների համար նշանակված պատժի կատարումից։

Նախատեսված միջոցների թվում են դրամական միջոցների և այլ գույքի տնօրինման, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրանցման, վարկերի ու փոխառությունների ստացման, ինչպես նաև մի շարք պետական և ֆինանսական ծառայություններից օգտվելու սահմանափակումները։

Սահմանափակումները կարող են կիրառվել, մասնավորապես, «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրության խախտման, «անցանկալի» կազմակերպության գործունեությանը մասնակցելու, ռուսական բանակը «վարկաբեկելու» և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի համար նշանակված պատժից խուսափելու դեպքում։

Սահմանափակումներ կիրառելու որոշումն ընդունում է ՌԴ արդարադատության նախարարությունը։ Գերատեսչությունը նաև վարում է այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ այդ միջոցները կիրառվել են։

Armenia Today-ն ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանի իշխանություններն ընդլայնել են արտերկրում գտնվող անձանց նկատմամբ գույքային սահմանափակումներ կիրառելու հնարավորությունները։ Մայիսին Պետդուման ընդունել էր փոփոխություններ, որոնք թույլ են տալիս կալանք դնել Ռուսաստանից հեռացած անձանց գույքի վրա՝ վարչական պատժի կատարումն ապահովելու նպատակով։

Leave a Comment