Ադրբեջանը պայթեցման աշխատանքներ է սկսել Սոթքի ոսկու հանքավայրում. ԶԼՄ – armeniatoday.am

Ադրբեջանական AzerGold ընկերությունը Սոթքի (Զոդի) ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ընկերությանը։

AzerGold-ի տվյալներով՝ առաջին վերահսկվող պայթեցումն իրականացվել է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Ընկերությունն այն անվանել է հանքավայրի ակտիվ շահագործման փուլին անցնելու կարևոր քայլ։

2025 թվականի օգոստոսից AzerGold-ը հանքավայրում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական չափագրումներ և ընդհանուր 18 հազար մետր խորությամբ հորատման աշխատանքներ։ Հետախուզական աշխատանքների արդյունքներով՝ ընկերությունը հանքավայրի արդյունահանելի մնացորդային պաշարները գնահատել է 1,03 մլն ունցիա ոսկի՝ JORC ստանդարտով։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Սոթքի հանքավայրի տարածքի կեսից ավելին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020 թվականի նոյեմբերին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտնել էր, որ պետական սահմանը գրեթե հանքավայրի կենտրոնական մասով է անցնում։ Նրա խոսքով՝ հանքի եզրագծով ցանկապատ էր տեղադրվել, իսկ ճանապարհին՝ անցակետ։

Հետագա տարիներին հանքավայրի հայկական հատվածում աշխատանքները բազմիցս դադարեցվել են ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով։ 2021 թվականի հուլիսին «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը Armenia Today-ին հայտնել էր, որ անկանոն կրակոցների պատճառով տարհանել է աշխատակիցներին և տեխնիկան, իսկ հանքավայրի աշխատանքը դադարեցվել է։

2023 թվականի ապրիլին սահմանային փոխհրաձգության պատճառով Սոթքի հանքավայրի աշխատանքը կրկին ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ անձնակազմը՝ տարհանվել։ «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ընկերությունը որոշումն ընդունել է աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Նույն տարվա ապրիլից Բաքվի պարբերական կրակոցների պատճառով Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատակիցների հարկադիր արձակուրդ էր ուղարկել։

2025 թվականի դեկտեմբերին Armenia Today-ը, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, գրել էր, որ Բաքուն Սոթքի հանքավայրի մոտակայքում ճանապարհներ է կառուցում և նախատեսում է սկսել դրա շահագործումը։ Ըստ հրապարակման՝ աշխատանքների ավարտից հետո հանքը նախատեսվում էր հանձնել AzerGold-ին։

Leave a Comment