Եվրահանձնաժողովը դեռ չի կարող հաստատել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կավարտվի մինչև 2029 թվականը։ ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ նշելը դեռ վաղ է։
«Արդյո՞ք դեռ վաղ չէ կանխատեսել, թե 2029 թվականը կամ մեկ այլ տարեթիվ կլինի վիզային ռեժիմի ազատականացման պահը։ Ես կասեի՝ այո, նման հստակության համար դեռ շատ վաղ է»,- ասել է Պինյոն։
Սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նպատակ ունի մինչև 2029 թվականը հասնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։
Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ Գործընթացը նախատեսում է, որ Հայաստանը պետք է կատարի ԵՄ-ի սահմանած մի շարք պայմաններ, որից հետո կարող է քննարկվել Հայաստանի քաղաքացիների համար կարճաժամկետ ուղևորությունների վիզային ռեժիմի վերացումը։
