ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Կրեմլի մամուլի խոոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա դրական է գնահատել Բիշքեկում տեղի ունեցած հանդիպումը՝ նշելով, որ մոսկովյան հանդիպմանը կլինի դրա շարունակությունը։
«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ բոլոր կողմերից քննարկել մեր երկկողմ հարաբերությունների հիմնական թեման․ դա, այնուամենայնիվ, զարգացման ուղղության ընտրության, Հայաստանի կողմնորոշման, ինչպես նաև համապատասխան հանրաքվեի անցկացման թեման է»,- նշել է Պեսկովը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներին՝ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ դրանք կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների աշխատանքային գրաֆիկները։
Պեսկովն ավելի վաղ լրատվականին ասել էր, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված չեն։
