«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները մոտ ապագայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունեն։ Այս մասին նա նշել է Լեհաստանի հանրային հեռուստաընկերությանը (TVP) տված հարցազրույցում։
Պատասխանելով պնդումներին, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավարումը ստանձնել է եվրոպական ինտեգրման գործընթացը տորպեդահարելու նպատակով՝ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է տարանջատել եվրոպական ինտեգրումն ու Եվրամիությանն անդամակցությունը։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» միանշանակ կողմ է եվրոպական ինտեգրմանը և պատրաստվում է նախաձեռնողական քաղաքականություն վարել այդ ուղղությամբ՝ ներկայացնելով օրենսդրական առաջարկություններ, որոնք կմոտարկեն Հայաստանի և ԵՄ օրենսդրությունները, կնպաստեն տնտեսության դիվերսիֆիկացմանն ու պետական ինստիտուտների աշխատանքի բարելավմանը։
Անդրադառնալով ԵՄ անդամակցության հեռանկարին՝ Հարությունյանը նշել է, որ եվրոպամետ շրջանակներում ևս մտահոգություններ են հնչում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ այդ հայտարարություններից պարզ է դարձել, որ իշխանությունները նույնիսկ մոտ ապագայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունեն։
Հարությունյանը նաև պնդել է, որ իշխանությունները, քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված օրենքի նախագիծն ընդունելով, կանխել են ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը։
2025 թվականի մարտին ԱԺ-ն ընդունել էր ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք։ 2026-ի օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ժամանակներս մտադիր է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել։ Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է և կոչ էր արել Երևանին ավելի արագ կողմնորոշվել ընտրության հարցում։
