Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանել է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU) «կտրուկ պարտություն» է կրել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդտագի (տարածաշրջանային խորհրդարան) ընտրություններում. հաղորդում է Bild թերթը:
Սա, ինչպես նշել է Գերմանիայի կանցլերը, նշանակում է «կուսակցության համար խոր շրջադարձային պահ»։
«Մենք սա կհաղթահարենք միայն այն դեպքում, եթե բացահայտ խոսենք ղեկավարության ներսում առկա խնդիրների մասին», – նշել է կանցլերը՝ հավելելով, որ կուսակցությունը նույնպես պետք է պահպանի միասնությունը:
Նա ասել է, որ բոլորը պետք է գիտակցեն, որ «կուսակցության դեմ ուղղված իրենց հրապարակային հայտարարություններով» նրանք վնասում են ՔԴՄ-ին: Մերցի պնդմամբ՝ AfD-ի նպատակը «ՔԴՄ-ի լիակատար ոչնչացումն է», և այս կուսակցության հետ «համագործակցություն չի կարող լինել»:
Մերցը նշել է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակից հետո Գերմանիան բախվում է «կուսակցական համակարգի տեկտոնական տեղաշարժի», և որ երկրի իշխանությունները այլևս չեն կարող հետևել առկա օրակարգին։
Ըստ Bild թերթի՝ իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության դաշնային խորհրդի նիստում Մերցը հիասթափություն է հայտնել AfD-ի հաջողությունից։ «Մենք ունենք ուժեղ սահմանադրություն, ունենք բոլոր գործիքները՝ այն պաշտպանելու ծայրահեղ աջ նահանգային կառավարությունից, բայց մենք բախվում ենք մեր կուսակցական համակարգի տեկտոնական տեղաշարժի», – նշել է Գերմանիայի կանցլերը։ «Սա մեր կուսակցությունը ցնցում է մինչև հիմքերը։ Մենք չենք կարող պարզապես վերադառնալ սովորական գործունեությանը՝ ո՛չ ես, ո՛չ էլ դաշնային կառավարությունը», – հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ, Մերցը խոստովանել է, որ իր կուսակցությունը «չի կարողացել հուզական կապ հաստատել ժողովրդի հետ»։ Նա ասել է, որ բնակչության կողմից «հուզական աջակցության» պակաս կա։ «Մենք չենք կարող անտեսել սա», – հայտարարել է Գերմանիայի վարչապետը։