Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի հաղթող, Իսպանիայում բնակվող գրող, մանկավարժ և երաժիշտ Աղավնի Գրիգորյանի հետ զրուցում ենք իր ստեղծագործական խնդիրների, մանկական գրականության ժամանակակից միտումների շուրջ։
«Հին ու նոր հեքիաթ» ժողովածուն նախատեսված է երեխաների, պատանիների և ընտանեկան ընթերցանության համար։ Ինչպես մեկնաբանում է հեղինակը, գրքում միահյուսված են հեքիաթի դասական մոտեցումն ու տեքստի մատուցման ու ձևավորման ժամանակակից լուծումները։ Կերպարների շարքում կարելի է հանդիպել ռոբոտների, համակարգչային մատրիցայում ապրող ծնողների, ինչպես նաև երեխաների, որոնք ձգտում են դեպի բնությունը։ Աղավնի Գրիգորյանը նշում է, որ բնության թեման ու դրա հանդեպ սերը կարմիր թելի պես անցնում են բոլոր հեքիաթներով և երբ մենք հեռանում ենք բնությունից, բնությունն ինքն է մեզ հիշեցնում այդ մասին։
Հարցին, թե արդյոք երեխաների սերը բնության հանդեպ իրականություն է, թե հեղինակի երևակայությունը, Աղավնի Գրիգորյանը պատասխանում է իր փորձառությամբ։ Ավելի քան 30 տարի ամենօրյա աշխատանքային շփում ունենալով փոքրիկների հետ՝ նա նկատում է, որ մեծահասակները հաճախ թերահավատորեն են մոտենում նրանց հնարավորություններին։ Գրքի հրատարակումից հետո, դպրոցականների հետ քննարկումների ընթացքում, մանկավարժներն ու հեղինակն ինքը հաճախ են զարմանում երեխաների հարցադրումների ու ընկալման խորության վրա։
Իսպանական դպրոցներում երաժշտություն դասավանդող հեղինակը փաստում է նաև, որ տեղի երեխաներն ավելի քիչ են կապված հեռախոսներին ու համակարգիչներին։ Իսկ «Հին ու նոր հեքիաթ» ժողովածուն ընթերցողին է փոխանցում ամենակարևորը՝ սեր, հոգատարություն, բարություն և պատասխանատվություն միմյանց հանդեպ։