Շուշիում նոր կառուցվող երկու հնգահարկ շենքերի պատճառով Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին աստիճանաբար դուրս է մղվում քաղաքի տեսողական տարածքից, հայտնել է Monument Watch-ը։
Օգոստոսի 6-ին և 7-ին սոցիալական ցանցերում հրապարակված կադրերից երևում է, որ բնակելի շենքերը կառուցվում են եկեղեցու անմիջական հարևանությամբ։ Monument Watch-ի գնահատմամբ՝ նոր կառուցապատումը սահմանափակում է տաճարի տեսանելիությունը։
«Եկեղեցին աստիճանաբար դուրս է մղվում քաղաքի տեսողական տարածքից՝ դառնալով կառուցապատման հետևում թաքնված և բնակչի աչքից անտեսանելի հուշարձան», – նշել են կազմակերպությունում։
Monument Watch-ի մասնագետների կարծիքով՝ գործընթացը հաջորդել է տաճարի ֆիզիկական վնասմանը և ճարտարապետական տեսքի փոփոխությանը։ Կազմակերպությունը նոր կառուցապատումը դիտարկում է որպես եկեղեցու տեսողական հասանելիությունը սահմանափակելու փորձ։
Ղազանչեցոց մայր տաճարը 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, երկու անգամ ենթարկվել էր հրետակոծության։ Շուշիի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո տաճարում սկսվել են, այսպես կոչված, վերականգնողական աշխատանքներ։ 2021 թվականին հեռացվել է գմբեթի վեղարը՝ հայկական ճարտարապետական ինքնությունն ընդգծող տարրերից մեկը, իսկ 2024 թվականին զգալիորեն փոխվել է տաճարի արտաքին տեսքը։
Փոփոխությունների և ավերածությունների են ենթարկվել նաև Շուշիի այլ հայկական հուշարձաններ։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հայտնի է որպես Կանաչ ժամ, պատերազմից հետո ամբողջությամբ ոչնչացվել է։
Կարդացեք նաև՝
