Մայր Աթոռը դատապարտել է Հովհաննավանքի տարածքում անցկացվող խնջույքն ու երաժշտությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Հովհաննավանքի տարածքում անցկացվող խնջույքն ու տարածքի օգտագործումը «հոգևոր միջավայրին անհարիր նպատակներով»։ Այս մասին եկեղեցին բարձրաձայնել է իր հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 6-ին «Իշխանություն» լրատվականը տեսանյութ էր տարածել, որտեղ եկեղեցու տարածքում հնչում է ռուսական քրեական ենթամշակույթին բնորոշ երաժշտություն և նշել, որ բնակիչները պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի», «վանքի տարածքում փարթիներ ու կերուխում են կազմակերպվում, վրաններ տեղադրում»։

Ըստ Մայր Աթոռի՝ երևույթն անհանգստություն է պատճառել նաև շրջակա տարածքի բնակչությանը։

«Ստեղծված իրավիճակը կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների հովանավորության արդյունքն է, ինչով խախտվում են ՀՀ օրենքներն ու Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքները»,- նշել է Մայր Աթոռը։

Սուրբ Էջմիածինը շեշտել է, որ «վանքի բռնազավթումն ու անվավեր ծեսերի իրականացումը մոլորության մեջ են գցում հավատացյալներին»։ Կառույցից կոչ են արել պատասխանատու մարմիններին «դադարեցնել միջամտությունը եկեղեցական կյանքին և վերականգնել զավթված եկեղեցիների օրինական կարգավիճակը»։

Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ) պնդել է, որ տեսագրության մեջ տարածվող տեղեկությունները համակարգչային պարզ համադրման արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը։

«Մտահոգ և ազնիվ հավատացյալներին ևս մեկ անգամ հրավիրում եմ ականատես և մասնակից դառնալ Հովհաննավանքի աղոթական միջավայրին, իսկ սադրիչներին հանձնում եմ Տիրոջ արդար ողորմությանը»,- պարզաբանել է նա։

Ասատրյանը Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվն է։ Նա 2025-ին կարգալույծ էր հռչակվել Հայ Առաքելական եկեղեցու կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշմամբ։ Ասատրյանը հրապարակայնորեն դեմ էր դուրս եկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և քննադատել Մայր Աթոռի ղեկավարությանը։ 

Leave a Comment