Հայ և թուրք գործարարները որոշել են ակտիվացնել առևտուրն ու կոչ արել բացել սահմանը

Հայ և թուրք գործարարները պայմանավորվել են աշխատել փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և գործարար կապերի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև կարևորել են համատեղ ներդրումները։ Այս մասին ասված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Վանի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ հայտարարության մեջ։

Նրանք նաև կոչ են արել բացել հայ-թուրքական սահմանային անցակետերը և ստեղծել կանոնավոր առևտրային ուղիներ։

Հայտարարությունը հաջորդել է սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացած հայ-թուրքական երկօրյա գործարար համաժողովին, որին մասնակցել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի 80 գործարար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխադարձ այցելությունները և զարգացնել կոնկրետ համագործակցությունը։ Առաջնահերթ ուղղությունների թվում նրանք նշել են զբոսաշրջությունը, լոգիստիկան, գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։

Գործարարների գնահատմամբ՝ սահմանային անցակետերի բացումը կնպաստի առևտրի զարգացմանն ու տրանսպորտային ուղիների արդյունավետ օգտագործմանը։

«Սահմանային անցակետերի բացումը նշանակում է ոչ միայն առևտրի խթանում, այլև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների միջև շփումների, տնտեսական փոխգործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- նշել են նրանք։

Մասնակիցները Վանը դիտարկում են որպես Թուրքիայի և Կովկասի միջև առևտրի ու լոգիստիկայի բնական կամուրջ։ Նրանց կարծիքով՝ Երևանի և Վանի միջև տնտեսական կապերի զարգացումը կնպաստի տարածաշրջանային առևտրի զարգացմանը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ գործարար աշխարհը կարող է էական դերակատարում ունենալ փոխադարձ վստահության ձևավորման գործում՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։

Հայ և թուրք գործարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2026 թվականի ամռանը Թուրքիայում, որի ժամանակ կողմերը պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։

Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից։ 2022 թվականից երկրները բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նույն թվականի հուլիսին կողմերը պայմանավորվել էին ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։

Leave a Comment