Իսրայելական օդուժը կիրակի երեկոյից մինչև երկուշաբթի առավոտ մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում՝ Նաբաթիեի շրջանում և հարակից բնակավայրերում։ Լիբանանյան աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ երկու նորածին, ևս հինգ մարդ վիրավորվել է։
Հարվածների թիրախում են հայտնվել Նաբաթիե քաղաքը, Նաբաթիե ալ-Ֆաուքան, Արաբ Սալիմը, Քֆար Ռումանը, Դեյր ալ-Զահրանին, ինչպես նաև Ջաբալ ալ-Ռաֆիի և Ալի ալ-Թահերի շրջանների բարձունքները։ Փրկարարական խմբերը գիշերվա ընթացքում շարունակել են որոնողական աշխատանքները փլատակների տակ՝ զոհերի և տուժածների հայտնաբերման նպատակով։
Հարվածներից մեկը վնասել է Նաբաթիե ալ-Ֆաուքայում գտնվող Գանդուր հիվանդանոցի մի հատվածը։ Վնասվել է նաև Ֆինանսների նախարարության շենքը։ Լիբանանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարվածների հետևանքով վնասներ են կրել նաև բնակելի շենքեր և ավտոկայանատեղի։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածների թիրախում եղել են «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները, զենքի պահեստները և հրամանատարական կենտրոնը, որը, ըստ իսրայելական կողմի, տեղակայված էր նախկին հիվանդանոցի շենքում։ Իսրայելը գործողությունը ներկայացրել է որպես պատասխան «Հեզբոլլահի» կողմից հարավային Լիբանանում իսրայելական զինծառայողների ուղղությամբ անօդաչու սարքերի արձակմանը՝ այն որակելով գործող հրադադարի պայմանավորվածությունների խախտում։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը դատապարտել է իսրայելական հարվածները՝ դրանք անվանելով «վտանգավոր սրացում»։ Նա հատկապես քննադատել է պետական կառույցի և հիվանդանոցի թիրախավորումը։
