Հորմուզի նեղուցը պատկանում է ԱՄՆ-ին, հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում։
Նա հրապարակել է նեղուցի լուսանկար՝ վերևում տպագրված «ԱՄՆ նոր տարածք» մակագրությամբ։
Նախկինում Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու հարցը, մասնավորապես՝ «Թրամփի նեղուց»։
ԱՄՆ մի պաշտոնյա նաև Axios-ին ասել է, որ Իրանը կորցրել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, և այն այժմ գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ։
Մի քանի ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Հորմուզի նեղուցի մեծ մասը մաքրվել է ականներից, և վերջին շաբաթներին «ավելի շատ տանկերներ են անցել նեղուցի հարավային մասով»։ Axios-ը ընդգծել է, որ սա «զգալիորեն նվազեցնում է» Իրանի ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին ԱՄՆ կառավարության պնդումները Հորմուզի նեղուցի ականազերծման մասին անվանել է քարոզչական սուտ։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ սկսվել էին փետրվարի 28-ին։ Հունիսին կողմերը հրադադարի վերաբերյալ համաձայնության էին հասել։ Հուլիսից հակամարտությունը կրկին սրվել է՝ ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածների ու Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության ֆոնին։
