Բյուրեղավանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 6 քաղաքացի է դիմել բուժօգնության, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Ըստ հրապարակման՝ նրանցից երեքը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ամբուլատոր բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն օգոստոսի ընթացքում շաբաթական մեկ անգամ ջրի նմուշներ են վերցրել Բյուրեղավանի տարբեր հասցեներից, սակայն շեղումներ չեն հայտնաբերել, փոխանցել է նախարարությունը։
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՀՎԿԱԿ-ը «Վեոլիա ջրի» և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ կրկին նմուշառումներ կիրականացի բուժօգնության դիմած քաղաքացիների բնակարաններում և քաղաքի այլ հասցեներում։ Նախատեսվում են նաև կենսանմուշների հետազոտություններ, նշել է ԱՆ-ն։
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը գրանցվել էին հուլիսի 16-ին։ Հուլիսի 20-ի դրությամբ՝ վարակվածների թիվը հասել էր 60-ի։ Հուլիսի 4-ին խմելու ջրի կրկնակի վերցված երկու փորձանմուշներում հայտնաբերվել էին ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։
