Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովի որոշումը առաջին հայացքից տեխնիկական է՝ երկու տարով վերացնել հայկական ապրանքների լայն շրջանակի մաքսատուրքերը և գյուղատնտեսական ութ ապրանքատեսակի համար սահմանել անմաքս քվոտաներ։
Բայց քաղաքական իմաստը շատ ավելի մեծ է։ Ռուսաստանը սահմանափակում է հայկական ապրանքների մուտքը, Եվրամիությունը բացում է իր շուկան։
INTA-ն Եվրահանձնաժողովի առաջարկին հավանություն է տվել գրեթե միաձայն՝ 35 կողմ, 2 դեմ, 3 ձեռնպահ։ Եթե այն վերջնականապես ընդունվի, խաղողից, ծիրանից ու կեռասից մինչև հայկական այլ արտադրատեսակներ ավելի արտոնյալ պայմաններով կմտնեն աշխարհի ամենամեծ և ամենախստապահանջ շուկաներից մեկը։
Սա բարեգործություն չէ։ Եվ չպետք է այդպես ընկալել։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ներկայացվել է որպես աշխարհագրական անխուսափելիություն։ Ռուսական շուկան մեծ էր, ծանոթ և համեմատաբար հեշտ, բայց այդ հարմարավետությունն ուներ գին. երբ մեկ շուկան դառնում է անփոխարինելի, առևտուրը վերածվում է քաղաքական ազդեցության գործիքի։
2026 թվականի ռուսական սահմանափակումները կրկին ցուցադրեցին այդ խոցելիությունը։ Ալկոհոլ, հանքային ջուր, միրգ, բանջարեղեն, անգամ տարանցման խնդիրներ։ Եվրահանձնաժողովն արդեն ինքն է արձանագրում, որ դրանք խաթարել են Հայաստանի ավանդական մատակարարման շղթաները և հարվածել հատկապես փոքր ու միջին բիզնեսին ու գյուղատնտեսությանը։
Եվրոպական պատասխանը կարևոր է հենց այստեղ։ ԵՄ-ն Հայաստանին ասում է՝ եթե մեկ շուկա փակվում է, կա մեկ ուրիշը։ Դա Հայաստանի տնտեսական ինքնիշխանության համար երբեմն ավելի կարևոր է, քան տասնյակ քաղաքական հայտարարությունները, բայց Բրյուսելը բացում է միայն դուռը։ Այդ դռնով անցնելը Հայաստանի գործն է։
Եվրոպական շուկան ռուսական շուկայի փոխարինողը չէ նույն պայմաններով։ Այստեղ պահանջվում են այլ որակ, սերտիֆիկացում, հետագծելիություն, փաթեթավորում, սննդային անվտանգություն և մրցունակություն։ Այն արտադրողը, որը սովոր էր վաճառել միայն հետխորհրդային շուկայում, ստիպված կլինի փոխվել։ Եվ հենց դա կարող է լինել այս ճգնաժամի ամենաարժեքավոր հետևանքը։
Հայաստանի նպատակը չպետք է լինի ռուսական շուկան եվրոպականով փոխարինելը։ Նպատակը պետք է լինի ունենալ այնպիսի տնտեսություն, որի նկատմամբ որևէ մեկ մայրաքաղաք չի կարող առևտրային վետո կիրառել։
Այս որոշումը դեռ պետք է անցնի Եվրախորհրդարանի լիագումար նիստով և վերջնական իրավական ընթացակարգերով։ Բայց քաղաքական ուղերձն արդեն հստակ է։
Եվրոպան Հայաստանի համար աստիճանաբար դառնում է ոչ միայն արժեքային կամ արտաքին քաղաքական ուղղություն, այլ տնտեսական այլընտրանք։
Եվ եթե հայկական բիզնեսը կարողանա օգտագործել բացվող հնարավորությունը, Ռուսաստանի յուրաքանչյուր հաջորդ առևտրային սահմանափակում ավելի քիչ ցավոտ կլինի։
Փոքր պետության տնտեսական անկախությունը սկսվում է այն օրը, երբ մեկ սահման փակվելուց նրա տնտեսությունը չի կանգնում։