Առողջ երկարակեցության համար տանիքից ու գումարից բացի, ուշադրություն և դրական վերաբերմունք է պետք. «Երկրորդ շնչառություն»

Հայաստանում կենսաթոշակային տարիքի անձանց թիվն արդեն հասնում է կես միլիոնի. մեր երկիրը համարվում է միջին ծերացող երկիր, բնակչության միջին տարիքը մոտ 37 է: Հատկանշական է, որ կես դար առաջ այդ ցուցանիշը եղել է 27-ը:

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հիմնադիր-ղեկավար, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գիտական սեկցիաների քարտուղար, հոգեբույժ Արմեն Սողոյանն արձանագրում է, որ կան երկրներ, որտեղ բնակչության միջին տարիքը մոտ է 50-ին, ինչն իսկապես մտահոգիչ է: Երկարակեցության հարցում առաջատարը Ճապոնիան է, որտեղ ավելի քան 100.000 մարդ 100-ից բարձր տարիք ունի: Կանխատեսումներ կան, որ Իտալիան այս ցուցանիշով կարող է անցնել Ճապոնիային:

Ըստ Սողոյանի՝ երկարակեցությունը շատ կարևոր է, բայց դա նաև բեռ է պետության ու հասարակության համար: «21-րդ դարում աշխարհում գնալով ավելի է բարձրանում տարեցների դերը: Մեծ քսանյակի (G20) երկրների ղեկավարների կեսից ավելին 70-ն անց են»,- արձանագրում է նա՝ հավելելով, որ այսօր աշխարհում պատերազմող երկրների ղեկավարները վաղուց են անցել 65-ից:

Անդրադառնալով մեր երկրին ու հայկական ընտանիքներին՝ բժիշկը հորդորում է չզլանալ և չամաչել դիմել բժշկի, եթե 60 տարեկանից հետո որևէ արտառոց փոփոխություն է նկատվում: Դա կարող է լինել վարքային փոփոխություն կամ հոգեկան առողջության հետ կապված անհանգստացնող երևույթ: Ավագ սերնդի առողջ ու երկար կյանքի համար պատասխանատու զավակներին էլ նա առաջարկում է օրվա մեջ որոշակի ժամանակ հատկացնել սեփական ծնողների կյանքի որակի բարելավմանը, որպեսզի ավելի ուշ ստիպված չլինեն ամիսներ ծախսել նրանց անկողնու մոտ կամ խնամող գտնելու և մեծ գումարներ վճարելու վրա:

«Միայն տանիքն ու գումարը բավարար չեն․ եթե չկա սերն ու դրական վերաբերմունքն ընտանիքի անդամների կողմից, հետագայում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ»,— եզրակացնում է Սողոյանը:

Leave a Comment