Բիշքեկից մինչև Երևանի դատարաններ․ շաբաթվա առանցքում Փաշինյանի բանակցություններն էին, Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության շուրջ բանավեճն ու դատական գործընթացները՝ նախկին պաշտոնյաներից մինչև կաթողիկոս։
Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը շարունակեց բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խաղաղության օրակարգի շուրջ։ Կողմերը քննարկեցին նաև TRIPP-ը, երկկողմ առևտուրը, նոր ցամաքային հաղորդակցությունները և հայ գերիների հարցը։
Բաքվում պահվող հայ գերիների չլուծված խնդիրների մասին այս շաբաթ խոսեցին նաև Երևանում։ ՄԻԵԴ-ում գերիների իրավունքները ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայերի առողջական խնդիրների մասին։
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Փաշինյանը բանակցեց Վլադիմիր Պուտինի հետ։ Սա Ռուսաստանի նախագահի հետ նրա առաջին հանդիպումն էր Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո։
Բանակցությունների բաց հատվածում Փաշինյանն ու Պուտինը բանավիճեցին Հայաստանի եվրոպական ինտեգրման և ԵԱՏՄ-ին անդամակցության համատեղելիության շուրջ։ Պուտինը պնդեց՝ ԵՄ-ին անդամակցությունն ու ԵԱՏՄ-ում մնալն անհամատեղելի են, և Հայաստանը պետք է ընտրություն կատարի։ Փաշինյանը չհամաձայնեց՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին գործընկերներին չի տեղեկացրել, իսկ վերջնական ընտրության պահը դեռ չի հասունացել։
Բիշքեկյան բանակցություններից հետո ռուս-հայկական օրակարգում մնացին նաև Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի, երկաթուղու և ատոմային էներգետիկայի հարցերը։ Պուտինը հայտարարեց՝ եթե Հայաստանը 102-րդ ռազմաբազայի անհրաժեշտությունը չտեսնի, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել։ Փաշինյանն էլ ասաց՝ եթե Մոսկվան նման որոշում ընդունի, Երևանը չի առարկի։
Երևանն ու Մոսկվան շարունակում են քննարկել նաև Հարավկովկասյան երկաթուղու կառավարման հարցը։ Ռուսական կողմը խոսում է դրա հետագա զարգացման համար անհրաժեշտ ներդրումների մասին։
Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը վերանորոգումից հետո վերադարձավ համակարգ, իսկ նոր ատոմակայանի հարցում Հայաստանը սպասում է «Ռոսատոմի» առաջարկին։
TRIPP-ի շուրջ ևս մեկ հայտարարություն հնչեց Մոսկվայից։ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը ծրագրի իրականացումը կապեց Հայաստանում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր ներկայության հետ։
Մինչ Փաշինյանը Բիշքեկում քննարկում էր արտաքին քաղաքական օրակարգը, Հայաստանում շարունակվում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների մասնակցությամբ մի շարք քրեական գործերով դատական գործընթացները։
Քննչական կոմիտեն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին մեղադրեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվեց և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Այստեղ արդեն կալանքի տակ են գտնվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գործարար Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաև Քոչարյանի ավագ որդին։
Իսկ գործարար Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս․ դատարանը երկարաձգեց նրա կալանքի ժամկետը։
Մեկ այլ գործով արդեն երրորդ դատավորը չստանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամի գործի քննությունը։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը գործը վարույթ չընդունեց և ուղարկեց Վճռաբեկ դատարան՝ որոշելու, թե որ դատարանը պետք է քննի այն։
Գարեգին Բ-ին և վեց հոգևորականներին մեղադրում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի պաշտոնավարման վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։
Մինչ Արցախի նախկին ղեկավարները պահվում են Բաքվի բանտերում, իսկ Հայաստանի նախկին պաշտոնյաներն ու գործարարները՝ Երևանի քրեակատորղական հիմնարկներում, սեպտեմբերի 2-ին Հայաստանում և Փարիզում հիշեցին Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը։
Երևանում Արցախի և ընդդիմության ներկայացուցիչներն այցելեցին Եռաբլուր։ Նրանք հայտարարեցին, որ Արցախի հարցը փակված չէ, և դրա շուրջ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ձևավորել միասնական ճակատ։
Իսկ Փարիզում ուշադրությունը կենտրոնացրին Բաքվում պահվող հայերի վրա։ Քաղաքապետարանի շենքում ցուցադրվեցին 19 հայ գերիների դիմանկարները:
Տարածաշրջանում շաբաթվա մյուս խոշոր զարգացումը Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական էսկալացիան էր։ Կողմերը հրթիռային հարվածներ հասցրին միմյանց ռազմական օբյեկտներին։
Իսկ շաբաթվա մեկնարկը տվեց սեպտեմբերմեկյան զանգը․ նոր ուսումնական տարում դպրոց գնաց շուրջ 425 հազար աշակերտ։
Շաբաթն ավարտվում է, բայց գլխավոր գործընթացները՝ ոչ։ Արտաքին քաղաքական բանակցություններն ու դատական զարգացումները շարունակվում են, որոնց ընթացքին կհետևենք արդեն հաջորդ շաբաթ։
Մանրամասն՝ տեսանյութում
