Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյոք նրա խոսքի ռուսերեն թարգմանությունը կապահովվի՞. գրում է ՏԱՍՍ-ը:
Պեսկովն ասել է. «Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել, որպեսզի լսեմ ռուսերեն թարգմանությունը, և նաև մտածեցի՝ կլինի՞ արդյոք ռուսերեն թարգմանություն, կա՞ արդյոք հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունն իրականացվեց»:
Պեսկովի խոսքով՝ Փաշինյանի հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին. «Ինչու այդ մասին չէր կարելի հայտարարել հենց ռուսերենով, անկեղծ ասած, մենք չհասկացանք։ Բայց դա պետության ղեկավարի ընտրությունն է, և մենք հարգում ենք այն»:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Փաշինյանը միակն էր ԱՊՀ երկրների ղեկավարներից, որ Բիշքեկում ելույթ է ունեցել հայերեն։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նրա այդ որոշումը «տարօրինակ» էր անվանել՝ ավելացնելով, որ հայերենը Հայաստանի պետական լեզուն է։