Երուսաղեմում աղջիկը ոստիկանների ներկայությամբ թքել է հայկական վանքի ուղղությամբ

Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում աղջիկը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի ուղղությամբ՝ չնայած մոտակայքում իսրայելցի ոստիկանների ներկայությանը։ Տեսահսկման տեսախցիկի գրառումը հրապարակել է Թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։

Կադրերում երևում է, թե ինչպես են աղջիկն ու նրան ուղեկցող կինը անցնում վանքի մոտով, որտեղ գտնվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նստավայրը։ Այն բանից հետո, երբ աղջիկը թքել է մուտքի ուղղությամբ, ոստիկանները մոտեցել են նրանց։

«Ի պատիվ նրանց՝ նրանք (ոստիկանները՝ AT) անմիջապես միջամտեցին։ Արդյո՞ք նա պատիժ կկրի։ Խիստ կասկածում եմ»,- գրել է Բալյանը։

Նման միջադեպեր Հայկական թաղամասում նախկինում ևս արձանագրվել են։ Օգոստոսի սկզբին վեց իսրայելցի հարձակվել էր Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա։

Ոստիկանությունը ձերբակալել էր կասկածյալներին, իսկ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք էր ներկայացրել և Իսրայելի իշխանություններին կոչ արել նման դեպքերը որակել որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություններ։

Օգոստոսի վերջին Իսրայելի ոստիկանությունը յոթ անձի էր ձերբակալել Հին քաղաքում քրիստոնեական և մահմեդական սրբավայրերի պղծման կասկածով։

Նրանցից չորսին ձերբակալել էին Հայոց պատրիարքարանի համալիրի ուղղությամբ թքելուց հետո։ Հարցաքննությունից հետո բոլոր կասկածյալներին ազատ էին արձակել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ։

2025 թվականի հուլիսին իսրայելցի իրավապաշտպանները նաև հայտնել էին հայերի դեմ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների թվի աճի մասին։

Leave a Comment