«Մի շարք հայտնիներ պաչպչվում են ռեժիմականների հետ, գեղանի խունջմնջրտվում…»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընտանիքիս անդամներից մեկին խնդրեցի ժամանակ գտնել և գնալ ու գնել Արմենի գիրքը: Չէր ուզում գնալ, բայց ստիպված գնացել է, քանի որ ես էի խնդրել:

Լսում եմ երկրի կառավարչի գրեթե բոլոր ելույթները, հետևում եմ բազմաթիվ ռեժիմականների սոցցանցերին, հիմա էլ կարծում էի, որ ստիպված եմ կարդալ Արմենի գիրքը` հույսով որ որևէ հետաքրքիր բան կգտնեմ այնտեղ, որ հետահայացով ավելի կպարզի ինձ համար 2018-ին եղածի առանձին դրվագներ, որին, իմիջիայլոց, ցավալիորեն նաև ես եմ որոշակիորեն մասնակցել: Թեև, իհարկե առաջինն եմ եղել սատարողներից, որ արագ հասկացել եմ թե դա ինչ էր, և թե ով են և դարձել եմ դարձյալ ընդդիմություն:

Արմենի, որի հետ, մեղմ ասած, այնքան էլ լավ չէին հարաբերությունները մինչ Չհեղափոխությունը, այդ օրերին կարճ ժամանակով լավացանք: Անգամ ԱԽ հրավիրեց մի օր` մասնագիտական քննարկման: Հետո, իհարկե, եղավ այն`ինչ եղավ:

Շնորհանդեսին ընտանիքիս անդամին սպասեցրել են` մինչև երկրի կառավարիչը հեռանա, հետո կարողացել է գնել գիրքը: Արմենն անգամ մակագրել է: Իհարկե ոչ ինձ:

Հսկայական քանակությամբ մարդ է եղել, հսկայաթիվ մամուլ:

Երեկոյան սկսեցի թերթել գիրքը: Վերնագիրն, իհարկե, գրոտեսկային է ու սյուրռեալիստական, եթե նկատի ունենանք թե հիմա ինչ օրեր են և որքան մաշված ու դիմակապատռված է սուտի Չհեղափոխությունը:

Արմենը մի ամբողջ հաստակազմ գրքույկ խոսում է բեմադրված Չհեղափոխության դեպքերի մասին միայն և ոչինչ ավելի: Չոր, պատմողական տեքստ: Ոչինչ ավելի: Ու գիրքն ավարտում է իր նշանակմամբ այն պաշտոնում, որն օրեր առաջ զիջեց Ալենին:

Ենթադրվում էր, որ գոնե մի քանի գլուխ տրամադրած կլինի իր պաշտոնավարման անցքերին: Բայց չէ, դա արդեն վտանգավոր թեմա է, իսկ Արմենը նման բաների մոտ անգամ չի գա հիմա:

Իսկ հիմա առջևում հավանական նոր նշանակում է թերևս: Գուցե ուժային որևէ կառույցի ղեկավարի պաշտոնում, գուցե` այլ: Գուցե դեսպանի, կամ մեկ այլ հարմար աթոռի: Արմենի պես տղաներն անգործ չեն մնում: Հայաստանում, իհարկե: Միայն Հայաստանում, իհարկե:

Արդյունքում` գրքի շնորհանդեսին, փաստորեն, առավել հետաքրքիր բաներ են տեղի ունեցել` քան գրքի շնորհանդեսն ինքը: Մի շարք հայտնիներ տեսախցիկների առջև արդեն լայն հանրության համար բացահայտվել են որպես իշխանասեր և իշխանաձիգ ֆիգուրներ, որոնք պաչպչվում են ռեժիմականների հետ, գեղանի խունջմնջրտվում, իսկ Միսկարյանն արդեն սկանդալային դարձած իր հռչակավոր սելֆին է արել երկրի կառավարչի հետ: Հետո էլ դրա մասին երկար տեքստ գրել իր էջում:

Կարող եմ արձանագրել. զեղչով 4.000-ով գնված գիրքը գոնե ինձ համար դրամի վատնում է, մարդու ծախսած ժամանակը` կորուստ:

Մտածում եմ` գուցե սկսեմ դադարել մասնագիտորեն հետևել ռեժիմականների մտքի գոհարներին: Անհետաքրքիր է արդեն այս ամենը մի տեսակ»:

Leave a Comment