Խաչատրյանի «Վալսը» հնչել է Valentino-ի նոր գովազդային արշավում – armeniatoday.am

Իտալական Valentino նորաձևության տունն աշուն-ձմեռ 2026/27 հավաքածուի գովազդային արշավում օգտագործել է հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից «Վալսը»։ Այս մասին նշվում է նորաձևության տան Facebook-ի պաշտոնական էջում։

Valentino Interferenze Fall/Winter 2026–27 անվանումը ստացած արշավի նկարահանումները տեղի են ունեցել Հռոմի Centrale Montemartini թանգարանում, որտեղ, Valentino-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեի մտահղացմամբ, պատմությունը երկխոսության մեջ է մտնում արդյունաբերական արդիականության հետ։

Լուսանկարների հեղինակն ու տեսանյութի ռեժիսորը Գլեն Լաչֆորդն է, արտ-տնօրենները՝ Էզրա Պետրոնիոն և Լանա Պետրուսևիչը։ Արշավին մասնակցել են մոդելներ Ապոլինը, Ջորջ Անդերսոնը, Ցյուի Լին, Ջո Բոթոմերը և Դարիո Տոնինը։

Արշավի երաժշտական ուղեկցությունը Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից «Վալս» ստեղծագործությունն է։

Խաչատրյանը Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար երաժշտությունը գրել է 1941 թվականին։ Հետագայում դրա հիման վրա ստեղծվել է հինգ մասից բաղկացած նվագախմբային սյուիտը՝ «Վալս», «Նոկտյուրն», «Մազուրկա», «Ռոմանս» և «Գալոպ»։

Leave a Comment