Ֆրանսիայի Սեն-Ժյուստ-Սեն-Ռամբեր համայնքի քաղաքապետ Օլիվիե Ժոլին հումորային որոշում է ընդունել, որով վագրային մոծակներին արգելել է թռչել համայնքի տարածքում՝ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։
Քաղաքապետը նման որոշում է ընդունել բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո։ Նրանց առաջարկվել է մոծակների կողմից «արգելքի խախտումների» մասին հայտնել համապատասխան մարմիններին։
Միաժամանակ՝ համայնքում վնասատուների դեմ պայքարի իրական միջոցներ են ձեռնարկվել։ Այգիներում տեղադրվել են չղջիկների համար նախատեսված տնակներ, քանի որ դրանք սնվում են մոծակներով, իսկ կամավորներին տրամադրվել է միջատների դեմ պայքարի 250 հավաքածու։
Քաղաքապետը բնակիչներին նաև կոչ է արել տների շրջակայքում վերացնել կանգնած ջրի կուտակման հնարավոր աղբյուրները, հետևել ջրահեռացման խողովակների վիճակին և ծածկել կամ համապատասխան միջոցներով մշակել լողավազաններն ու ջրավազանները։
Վագրային մոծակները նախկինում հիմնականում տարածված էին Հարավարևելյան Ասիայի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, սակայն վերջին տասնամյակներին դրանց տարածման աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև Արևմտյան Եվրոպան։
