«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը – armeniatoday.am

Սեպտեմբերի 5-ին «Երևան» երկաթուղային կայարանի շենքում մեկնարկել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի, Վրաստանի և Կիպրոսի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ավելի քան 50 կազմակերպության, հայտնում է  ՀԿԵ գլխավոր տնօրենի մամուլի ծառայությունը։

Ցուցահանդեսի մասնակիցների թվում են հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ, տրանսպորտային ոլորտի ընկերություններ, տուրօպերատորներ, սննդամթերքի արտադրողներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ։

Իր բացման խոսքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։

«Ուրախ եմ ողջունել ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին մեր հարթակում։ Վստահ եմ, որ Tour EXPO-ն լավ հնարավորություն կլինի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար՝ հաստատելու նոր գործարար կապեր, փոխանակելու փորձը և իրենց ծառայությունները ներկայացնելու լայն հանրությանը։ Այցելուների համար էլ սա լավ հնարավորություն է ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին և ընտրելու ճանապարհորդության հետաքրքիր ուղղություններ»,- նշել է Մելնիկովը։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ոլորտի պրոֆեսիոնալներին ներկայացնել իրենց առաջարկները, ծանոթանալ զբոսաշրջության ոլորտի նոր միտումներին և ձևավորել նոր համագործակցություններ։ Միաժամանակ, այցելուները կարող են մեկ վայրում ծանոթանալ Հայաստանի և տարածաշրջանի ոլորտային առաջարկներին ու ծառայություններին։

Փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունները քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երրորդ երկրին փոխանցելու հարցը: Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը:

Ավելի ուշ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է «Ռուսական երկաթուղիներից» պահանջել տարեկան 2 մլրդ դոլար վճար «Հարավկովկասյան երկաթուղու» օգտագործման համար, եթե ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ՀԿԵ-ն համարում է իր սեփականությունը և պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է համարում։

Leave a Comment