Nvidia-ի չիպերը խթան են դարձել հայ-ադրբեջանական համաձայնության համար․ ԶԼՄ

ԱՄՆ բանակցողները Հայաստանին Nvidia-ի արհեստական բանականության (ԱԲ) առաջատար չիպերի հասանելիություն տրամադրելու խոստումն օգտագործել են Երևանի և Բաքվի միջև նախնական համաձայնության ձեռքբերմանը նպաստելու համար, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցած աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ առաջատար ԱԲ սարքավորումների մատակարարման թույլտվությունների ընդլայնումն այն տնտեսական խթաններից էր, որոնք Վաշինգտոնն օգտագործել է բանակցությունների ընթացքում։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանում Firebird ընկերության՝ արհեստական բանականության ենթակառուցվածքի ստեղծման նախագծի համար անհրաժեշտ սարքավորումների մասին է։

Firebird-ի նախագիծն իրականացվում է Հրազդանի մերձակայքում՝ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությամբ։ Կենտրոնի առաջին փուլը բացվել է 2026 թվականի օգոստոսի 8-ին։ Firebird-ը հայտնել է, որ մինչև 2027 թվականի վերջ նախատեսում է Հայաստանում տեղակայել Nvidia-ի Blackwell և Rubin հարթակների հիման վրա ավելի քան 70 հազար գրաֆիկական պրոցեսոր և ենթակառուցվածքի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի։

Միաժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի հրապարակած ավելի թարմ տվյալներով՝ նախագծի բոլոր փուլերի ավարտից հետո կենտրոնի հզորությունը կարող է գերազանցել 100 հազար գրաֆիկական պրոցեսորը և 400 ՄՎտ-ը։ Ընդլայնումը հնարավոր է դարձել նաև ԱՄՆ կարգավորող մարմինների կողմից Nvidia GB300 ևս 41 հազար չիպի արտահանման թույլտվության տրամադրման շնորհիվ։

Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն արհեստական բանականության ու կիսահաղորդիչների ոլորտում զարգացել է հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ։ 2026 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Վաշինգտոնը հաստատել է Nvidia-ի բարձր արտադրողականությամբ չիպերի հերթական խմբաքանակը Հայաստան արտահանելու թույլտվությունը։

Փաշինյանը նաև հիշեցրել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված՝ կիսահաղորդիչների ու արհեստական բանականության ոլորտում համագործակցության հուշագրի մասին։

2026 թվականի օգոստոսի 8-ին Firebird-ի կենտրոնի բացման ժամանակ Փաշինյանը նախագիծը կապել էր նաև ուղիղ մեկ տարի առաջ Վաշինգտոնում ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների հետ։ Նրա խոսքով՝ Սպիտակ տանը կայացած խաղաղության գագաթնաժողովն ու դրա արդյունքներն «էական և առանցքային նշանակություն» են ունեցել նախագծի իրականացման համար պայմաններ ստեղծելու հարցում։

2026 թվականի փետրվարի 9-ին Փաշինյանի և Վենսի բանակցություններից հետո ԱՄՆ-ն հաստատել է Nvidia-ի «գերհզոր չիպերի» հերթական խմբաքանակը Հայաստան մատակարարելու թույլտվությունները։ Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը կապել էր երկու երկրների ռազմավարական գործընկերության ընդլայնման հետ։

Leave a Comment