Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 10 մարդ է տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով շրջանի քաղաքապետարանին։
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը բռնկվել է հյուրանոցի առաջին հարկում՝ դեռևս չպարզված պատճառով։ Զոհեր չկան, բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց թիվը ճշտվում է։
Նախնական տվյալներով՝ տուժածների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան, բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հյուրանոցից մարդկանց տարհանում են։
Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ները գրել են, որ հրշեջ-փրկարարները մարել են հյուրանոցում բռնկված հրդեհը։ Տուժածների թիվը, վերջին տեղեկություններով, դարձել է 12։
