Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը հաղթել է InterContinental Music Awards-ում – armeniatoday.am

Հայ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը դարձել է InterContinental Music Awards 2026 միջազգային մրցույթի «Լավագույն գործիքային կատարող» անվանակարգի հաղթողներից մեկը, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։

Գևորգյանը մրցույթում ներկայացրել է 18-րդ դարի հայ աշուղ Սայաթ-Նովայի «Eshxemed» ստեղծագործության իր կատարումը։ Մրցույթի պաշտոնական ցուցակում նա ներկայացված է Հայաստանի անունից։

Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 3500 երաժիշտ՝ աշխարհի ավելի քան 100 երկրից։ Գևորգյանը Հայաստանից «Լավագույն երաժիշտ» անվանակարգի եզրափակիչ անցած միակ մասնակիցն էր։ Հաղթողների անունները հայտարարվել են օգոստոսի 23-ին կայացած առցանց մրցանակաբաշխության ժամանակ։

Մարիաննա Գևորգյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է։ Նա Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Տաղարան» հին երաժշտության համույթի մենակատար է։

2020 թվականին քանոնահարուհին արժանացել է World Folk Vision միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում։

InterContinental Music Awards-ը Լոս Անջելեսում գործող միջազգային երաժշտական մրցանակաբաշխություն է, որն անցկացվում է 2011 թվականից։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ երաժիշտներ՝ ներկայացնելով հեղինակային ստեղծագործություններ կամ կատարումներ։ Աշխատանքները գնահատվում են նորարարության, ստեղծագործության կառուցվածքի, կատարման և ձայնագրության որակի, ինչպես նաև մշակութային առանձնահատկությունների հիման վրա։

Կազմակերպիչների տվյալներով՝ տարբեր տարիներին մրցույթին մասնակցել են ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ։

Leave a Comment