Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում Կոտայքի փոխմարզպետ, մարզպետի պարտականությունները կատարող Վասակ Վարդանյանին նշանակել մարզպետ, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վարդանյանը «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանի փեսան է։ Ըստ թերթի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր մնալուց հետո իշխանական շրջանակներում մի քանի թեկնածուի անուն է քննարկվել, սակայն նրանցից ոչ մեկը չի նշանակվել։
Պարբերականի տեղեկություններով՝ մարզում իրավիճակի և աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ Փաշինյանը ՔՊ վարչություն է հրավիրում Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին, այլ ոչ թե մարզպետի պարտականությունները կատարող Վարդանյանին։ Թերթը գրում է, որ այս իրավիճակի ֆոնին Միքայելյանի ընտանիքում քննարկվել է անգամ Վարդանյանի հրաժարականի հարցը։
«Հրապարակ»-ի աղբյուրների համաձայն՝ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ Կոտայքի մարզի կուրատոր է նշանակվել Ահարոն Սահակյանը։ Հրազդանում ՔՊ ցուցակը, նախնական որոշմամբ, կրկին կգլխավորի Սասուն Միքայելյանի որդին՝ գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանը։
Թերթը ստեղծված իրավիճակը կապում է նաև Սասուն Միքայելյանի և Փաշինյանի միջև նախկինում առաջացած տարաձայնությունների հետ։ Պարբերականի տվյալներով՝ ՔՊ փակ նիստերից մեկում Միքայելյանը դեմ է արտահայտվել Տիգրանաշենն Ադրբեջանին փոխանցելուն և առաջարկել քննարկել այն Արծվաշենի հետ փոխանակելու տարբերակը։ Ըստ հրապարակման՝ Փաշինյանը կտրուկ արձագանքել է առաջարկին։
Օգոստոսի 20-ին Փաշինյանը, հղում անելով սահմանազատման հիմքում դրված քարտեզներին, հայտարարել էր՝ «Քյարքին Հայաստանի տարածք չէ»։ Օգոստոսի 24-ին նա պարզաբանել էր, որ Տիգրանաշենն անվանում է «Քյարքի»՝ «էսկալացիան բացառելու» նպատակով, և ընդգծել, որ անկլավների հարցի լուծման ձևը դեռ որոշված չէ։
