Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին, Դիլիջանում բացօթյա համերգով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
«Սիմֆոնիկ Դիլիջան» ծրագրում ընդգրկված են Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Դմիտրի Շոստակովիչի, Յոհան Շտրաուս II-ի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Համերգի երկրորդ մասում կհնչեն Մայքլ Ջեքսոնի «Black or White», System of a Down-ի «Aerials», Queen-ի «The Show Must Go On» և «We Are the Champions» երգերի, ինչպես նաև Շառլ Ազնավուրի «Les plaisirs démodés» և «Emmenez-moi» ստեղծագործությունների սիմֆոնիկ մշակումները։
Համերգը տեղի կունենա Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրի ապագա համերգասրահի տարածքում՝ Villa 3 Community Hub-ի հարևանությամբ։ Հասցեն՝ Դիլիջան, Մաքսիմ Գորկու փողոց 3/2։ Մուտքն ազատ է։
Միջոցառումը Green Rock-ի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում կազմակերպվող առաջին համատեղ համերգն է։ Համագործակցությունը նախատեսում է Դիլիջանում պարբերաբար համերգներ և մշակութային միջոցառումներ անցկացնել։
