ՔՊ-ն սկսել է աշնան ՏԻՄ ընտրությունների թեկնածուների ընտրությունը. ԶԼՄ – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի»  (ՔՊ) համայնքապետերի և ավագանու անդամների թեկնածուների ընտրությունը, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ընտրություններին մասնակցող համայնքների ՔՊ կառույցներին հանձնարարվել է կուսակցության վարչությանը ներկայացնել առնվազն մի քանի մրցունակ թեկնածու՝ գնահատելու նրանց ընտրական հնարավորությունները և ըստ այդմ ձևավորելու ցուցակները։

Թեկնածուների հարցը նախատեսվում է քննարկել նաև ՔՊ վարչության նիստերում։ Պարբերականը պնդում է, որ վերջնական ընտրությունը կատարելու է Փաշինյանը, իսկ վարչությունը հաստատելու է նրա որոշումները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՔՊ-ն Աբովյանի՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ավագանու ընտրություններում կարող է առաջադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին։ Կուսակցությունը նաև կարող է Գորիսի՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցել գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած միասնական դաշինքով։

Leave a Comment