Հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում՝ Warner Bros. ստուդիայի կինոթատրոնում, տեղի կունենա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի մասնավոր պրեմիերան։ Հայաստանյան պրեմիերան նախատեսված է 2027 թվականին։
Ֆիլմը պատմում է Ֆրանսիայում մեծացած հայ երիտասարդ Մուրադ Առաքելյանի մասին, որը ինքնության և արմատների որոնման նպատակով մեկնում է Արցախ։ Նրա ուղևորությունը համընկնում է 2020 թվականի պատերազմի մեկնարկի հետ։
Ավետիսյանի խոսքով՝ հանդիսատեսը կտեսնի հասուն, բազմաշերտ և բարդ կառուցվածքով ֆիլմ։
Ռեժիսորի խոսքով՝ թիմը նախագծի վրա աշխատել են ութ տարի։ Աշխատանքները մեկնարկել են 2018-ին՝ առանցքում ունենալով Քառօրյա պատերազմը։ 2020 թվականի պատերազմից հետո նախագիծը վերանայվել է և ստացել նոր անվանում՝ «Վերածնվածը»։
Ռեժիսորը «Վերածնվածը» ֆիլմում խոսում է տուն վերադարձի մասին։ «Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ և մյուսներին, եթե ցանկանում ենք ամեն գնով վերադառնալ տուն»,- ասում է նա։
Ֆիլմն անդրադառնում է նաև ինքնության որոնմանը։ Գլխավոր հերոսը մեկնում է Արցախ՝ Գանձասար՝ գտնելու իր արմատները և հասկանալու՝ ով է ինքը։ «Ո՞վ եմ ես» հարցը, ռեժիսորի խոսքով, ֆիլմի առանցքային թեմաներից է և վերաբերում է ոչ միայն գլխավոր հերոսին, այլև մյուս առանցքային կերպարներին։ «Մեր ողբերգությունների առանցքում նաև այն խնդիրն է, որ այդ հարցի պատասխանը չունենք։ Ինքնության խնդիրը ֆիլմում կարմիր գծի պես առկա է ոչ միայն գլխավոր հերոս Մուրադ Առաքելյանի կյանքում, այլ նաև գրեթե բոլոր առանցքային կերպարները այդ հարցը տալիս են՝ ո՞վ եմ ես։ Փնտրում են իրենց արմատները, ինքնությունը»,- նշել է Ավետիսյանը։
Ֆիլմի առանձնահատկություններից մեկը արհեստական բանականության բաղադրիչն է։ Մուրադ Առաքելյանը ներկայանում է որպես ԱԲ ինժեներ և գյուտարար։ Մարսելից Արցախ մեկնած հերոսին ԱԲ-ն հորդորում է արագ հեռանալ, որովհետև պատերազմ է սպասվում, սակայն Մուրադն իր ընկերուհի Իզաբելի հետ շարունակում է փնտրել այն մարդկանց, «ովքեր կարող են օգնել նրան բացահայտել իր ինքնությունը»։ Ֆիլմի ընթացքում ԱԲ-ն, հիմնվելով Մուրադի կենսափորձի վրա, զարգանում է և պատերազմի մեկնարկից հետո սկսում է հասկանալ, թե ինչ են պատերազմն ու մահը՝ երևույթներ, որոնք այն չէր կարող հասկանալ Մարսելում։
Սա Արցախի մասին պատմող Ավետիսյանի առաջին ֆիլմն է, որը չի նկարահանվել Արցախում։ 2023 թվականին, երբ Արցախը շրջափակման մեջ էր, նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, 2024 թվականին նկարահանվել է եվրոպական հատվածը, իսկ հաջորդ երկու տարիները նվիրվել են հետարտադրական աշխատանքներին։
Նրա խոսքով՝ 2023 թվականին «Վերածնվածը» նկարահանելն իսկապես ծանր էր։ «Մենք փնտրում էինք Գանձասարը, փնտրում էինք Ստեփանակերտը, փնտրում էինք Արցախի այն վայրերը, ուր այլևս չէինք կարող գնալ… Շրջափակում էր։ Գուցե հենց սա է կորցրած հայրենիքի ամենացավոտ իրականությունը․․․ երբ այլևս չես կարող հասնել իրական վայրին, սկսում ես փնտրել դրա հետքը։ Մենք էլ փնտրում էինք։ Եվ գտանք Մակարավանքը։ Նկարեցինք այնտեղ, և զարմանալիորեն թե՛ վանքը, թե՛ դեպի այն տանող անտառապատ ճանապարհը մեզ հիշեցրին Գանձասարը»,- հիշում է ռեժիսորը։
Ավետիսյանի խոսքով՝ Արցախն այլ վայրում 100%-ով վերարտադրել հնարավոր չէ, սակայն ֆիլմում հանդիսատեսը «հաստատ կտեսնի Արցախը»։
Ֆիլմում նկարահանվել են հայ հայտնի դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Վարդան Մկրտչյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ադամյանը, Մարինե Գաբրիելյանը, Արթուր Կարապետյանը, ինչպես նաև արտասահմանցի դերասաններ Հայնո Ֆերչը, Մայա Մորգենշտերնը և Արմանդ Ասանտեն։
