AI-ն մեծ հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար. Կարապետյան – armeniatoday.am

Արհեստական բանականությունը հսկայական հնարավորություններ է բացում Հայաստանի համար և կարող է էապես փոխել դեղագործությունը, պետական կառավարումը, հարկային համակարգն ու արդարադատությունը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Խոսելով Հայաստանի հեռանկարների մասին՝ Կարապետյանը կոչ է արել փոխել մոտեցումը երկրի զարգացման և դրա զարգացման մեջ ներդրումներ կատարողների նկատմամբ։

«Այս ամենը մեր երկրի համար էլ հսկայական հնարավորություններ է բացում։ Պարզապես պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից և աշխարհին նայել գլոբալ ու մասշտաբային հայացքով»,- գրել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ աշխարհը կանգնած է նոր՝ ինտելեկտուալ հեղափոխության շեմին։ Եթե 19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխության ժամանակ հաստոցները փոխարինեցին մարդու ֆիզիկական աշխատանքին և հիմք դրեցին ժամանակակից տնտեսության ձևավորմանը, ապա այսօր AI սերվերները սկսում են փոխարինել մարդու ինտելեկտուալ աշխատանքին։

Կարապետյանի տվյալներով՝ 2024 թվականի համեմատ երկու տարում AI-ի հաշվարկային հզորություններն աճել են 500%-ով։ Նրա գնահատմամբ՝ եթե այս տեմպը պահպանվի, մինչև 2035 թվականը սերվերները կհասնեն մարդու ուղեղի էներգաարդյունավետությանը՝ սկիզբ դնելով «Ինտելեկտուալ հեղափոխությանը»։

Կարապետյանը նշել է չորս ոլորտ, որտեղ AI-ն, նրա գնահատմամբ, կարող է էական փոփոխություններ բերել՝ դեղագործություն, կոռուպցիայի դեմ պայքար, հարկային համակարգ և արդարադատություն։

Նրա խոսքով՝ AI-ի և համակարգչային մոդելավորման կիրառումը կարող է դեղերի փորձարկման ժամկետները տարիներից կրճատել մինչև ժամեր։ Պետական գնումներում տեխնոլոգիան կարող է օգնել հաշվարկել իրական շուկայական գները և նվազեցնել չարաշահումների ռիսկերը, իսկ բանկային գործարքների և այլ համակարգային տվյալների վերլուծությունը՝ բացահայտել ստվերային տնտեսությունը։

Կարապետյանի գնահատմամբ՝ AI-ն կարող է նաև էապես արագացնել վարչական գործերի քննությունը և նվազեցնել դատական համակարգում մարդկային գործոնի ազդեցությունը։

Leave a Comment