Ուիլյամ Սարոյանի «Թրեյսիի վագրը» կբեմադրվի Համազգային թատրոնում – armeniatoday.am

Սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 19։30-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում տեղի կունենա Ուիլյամ Սարոյանի «Թրեյսիի վագրը» ստեղծագործության նոր բեմադրության առաջնախաղը, տեղեկացրել է թատրոնի մամուլի ծառայությունը։

«Թրեյսիի վագրը» Թոմաս Թրեյսիի և Լորա Լյութիի սիրո պատմությունն է։ Ներկայացումը պատմում է մարդու ներսում ապրող «վագրի»՝ սիրո, ուժի, անկման և դժվարությունները հաղթահարելու մասին։ Այն նվիրված է նրանց, ովքեր համարձակվում են հավատալ անհնարինին և իրականություն դարձնել իրենց երազանքը։

Բեմադրության հեղինակը Նարինե Գրիգորյանն է, բեմի ձևավորումը կատարել է Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը, երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Բաղդասարյանը, զգեստների հեղինակը Թամարա Բարոյանն է։ Գլխավոր դերում հանդես կգա Նարեկ Բաղդասարյանը։

Ներկայացման մեջ ընդգրկված են նաև Նարինե Գրիգորյանը, Տաթևիկ Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Միլենա Ղազարյանը և Կորյուն Բուդուրյանը։ 15 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված դրամայի տևողությունը 75 րոպե է։ Այն կցուցադրվի Սարոյանական օրերի շրջանակում։

Սարոյանական օրերը կանցկացվեն սեպտեմբերի 4-12-ը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Leave a Comment