Դատարանը զրպարտություն է ճանաչել Կարապետյանի մասին Բաղդասարյանի խոսքերը

Երևանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ երկու հայցերը, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։ 

Դատարանը Բաղդասարյանի տարածած մի շարք պնդումներ զրպարտություն է ճանաչել և պարտավորեցրել նրան հերքումներ հրապարակել։ Գործերից մեկով բլոգերը պարտավորվել է նաև հրապարակային ներողություն խնդրել Կարապետյանից։ Երկու գործով նշանակված փոխհատուցման ընդհանուր չափը կազմել է 300 հազար դրամ։ Երկու վճիռներն էլ բողոքարկվել են։

Առաջին վեճը վերաբերում էր 2026 թվականի հունվարի 2-ին Բաղդասարյանի՝ Facebook-ում կատարած հրապարակմանը։ Դրանում բլոգերը, մասնավորապես, հայտարարել էր, թե Կարապետյանն ու նրա ընտանիքը «խաբել են պետությանը և թալանել պետական բյուջեն», ինչպես նաև նրանց անվանել էր «երկրի թալանով զբաղվող ընտանիք»։

Դատարանը եզրակացրել է, որ այդ արտահայտությունները պարունակում են կոնկրետ փաստական տվյալներ, որոնց արժանահավատությունը չի հաստատվել։

Դատարանը պարտավորեցրել է Բաղդասարյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Facebook-ի իր երկու էջերում հրապարակել հերքում այն պնդումների վերաբերյալ, թե Կարապետյանը «խաբել է պետությանը կամ թալանել է պետական բյուջեն»։

Կարապետյանը պահանջել էր 6 մլն դրամի փոխհատուցում, սակայն դատարանը նրա օգտին բռնագանձել է 100 հազար դրամ։ Բաղդասարյանը պետք է փոխհատուցի նաև 26 հազար դրամ պետական տուրքի գումարը։ Հայցը մնացած մասով մերժվել է։

Երկրորդ դատական վեճը վերաբերում էր 2025 թվականի հուլիսին Բաղդասարյանի՝ Facebook-ում կատարած հրապարակումներին և ելույթներին։

Դատարանը Կարապետյանի հասցեին օգտագործված «ցածրորակ մարդ», «գողեր և թալանիչներ են» և «տականք» արտահայտությունները վիրավորական է ճանաչել։ Բաղդասարյանին պարտավորեցրել են հրապարակային ներողություն խնդրել Կարապետյանից նույն եղանակով, որով հրապարակվել էին այդ արտահայտությունները։

Դատարանը զրպարտություն է ճանաչել մի շարք պնդումներ այն մասին, թե Կարապետյանը «թալանում է հայ ժողովրդին», ինչպես նաև այն պնդումները, թե նա ընտանիքի անդամների հետ «Տաշիր Պիցցա»-ում գողացել է 900 մլն դրամ և այդ գումարը չի վճարել հարկերի տեսքով։

Դատարանը եզրակացրել է, որ այդ արտահայտությունները պարունակում են «կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողությունների վերաբերյալ»։ Վճռում նշվում է, որ խոսքը Կարապետյանին քրեական պատասխանատվություն նախատեսող արարքներ՝ գողություն և հարկեր չվճարել վերագրելու մասին է, որոնք հասարակության մեջ արատավորող, պարսավելի, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված արարքներ են և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը։

Դատարանի գնահատմամբ՝ Բաղդասարյանը չի ներկայացրել այդ պնդումները հաստատող աղբյուրներ կամ այլ հիմքեր, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով կհաստատվեր Կարապետյանի կողմից իրեն վերագրված գործողությունների կատարումը։

Դատարանը պարտավորեցրել է Բաղդասարյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Facebook-ի իր էջերում հրապարակել այդ պնդումների հերքումը։ Facebook-ում հերքում հրապարակելու անհնարինության դեպքում այն պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տարածվող՝ առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր թերթում։

Միևնույն ժամանակ դատարանը Բաղդասարյանի վիճարկվող մի շարք այլ արտահայտություններ զրպարտություն չի ճանաչել։ Դրանց թվում են կրկեսի բացումը միտումնավոր ձգձգելու, պայմանագրի պայմանները չկատարելու, սյուները չփոխարինելու և տրանսֆորմատորներ չտեղադրելու վերաբերյալ հայտարարությունները, ինչպես նաև «Արբատ» գումարտակի և արցախահայերի «դժբախտությունների և ողբերգությունների» համար պատասխանատվության վերաբերյալ պնդումները։ Դատարանն արձանագրել է, որ այդ ձևակերպումներն անորոշ են, Կարապետյանին կոնկրետ արարքի կատարում չեն վերագրում և չեն կարող որակվել որպես զրպարտչական։

Այս գործով Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար պահանջել էր 9 մլն դրամի փոխհատուցում։ Դատարանը Բաղդասարյանից Կարապետյանի օգտին բռնագանձել է 200 հազար դրամ, ինչպես նաև 66 հազար դրամ՝ որպես պետական տուրքի փոխհատուցում։ Մնացած պահանջները մերժվել են։

Leave a Comment