Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում ոստիկանությունը որոնում է ավտոբուսի վարորդին, որի անփութության հետևանքով երկու ուղևոր է վնասվածքներ ստացել։

Միջադեպը տեղի է ունեցել ցերեկային ժամերին՝ «Շուկա» ավտոբուսի կանգառում։ Տարածաշրջանի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ VMZ-DEPO երթուղով շարժվող թիվ 36 ավտոբուսի վարորդը սկսել է դուրս գալ կանգառից՝ չհամոզվելով, որ ավտոբուսի հետևի դուռը փակ է։

Արդյունքում երկու ուղևոր՝ 35-ամյա կին և 5-ամյա տղա, ավտոբուսից ընկել են ճանապարհի երթևեկելի հատված և վնասվածքներ ստացել։

Վիրավորված երեխային շտապ տեղափոխել են Նիժնի Տագիլի մանկական հիվանդանոց, որտեղ նա ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը։

Սակայն վարորդը, ըստ իրավապահների, չի կանգնել՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, և հեռացել է դեպքի վայրից։

Past.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է, որ վարորդը նախկինում ևս ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ է ունեցել։ Նրա նկատմամբ արդեն վարչական արձանագրություններ են կազմվել, այդ թվում՝ ուղևորափոխադրումների կանոնները չպահպանելու, վթարի վայրից հեռանալու և մարմնական վնասվածք պատճառած խախտումների համար։

Ներկայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները որոնում են վարորդին և պարզում միջադեպի բոլոր հանգամանքները։

Տեսանյութն՝ այստեղ

Leave a Comment